Դեկտեմբերի 2-ին Միքայել Մելքումյանի նախագահությամբ կայացել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, հայտնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Քննարկվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի նոյեմբերի 22-ին՝ Մոսկվայում:
Համաձայնագրով սահմանվում են թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի գործառնությունների առանձնահատկությունները ԵԱՏՄ շրջանակում և տարածվում իրավաբանական ու ֆիզիկական անձանց իրավական հարաբերությունների վրա, ինչպես նաև գրանցված անհատ ձեռնարկատերերի, որոնք իրականացնում են թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով գործունեություն: Համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որով մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման: Համաձայնագրի հավելվածով սահմանվում են ոսկերչական և այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները: Մի երկրի հարգադրոշմումը ճանաչվելու է ԵԱՏՄ մյուս անդամ երկրի կողմից: Ստեղծվելու է տեսչական մարմին անդամ երկրների լիազոր մարմինների ներկայացուցիչներից, որոնք իրականացնելու են տեսչական այցեր, ստուգելու անդամ երկրների օրենսդրության համապատասխանությունը:
Համաձայնագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծում գործարար միջավայրի բարելավման համար, պարզեցվում է ոսկերչական և այլ արտադրատեսակների տեղաշարժը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում:
Նիստում հանձնաժողովի նախագահի տեղակալի թափուր պաշտոնի համար առաջադրվել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովի թեկնածությունը: Քվեարկության արդյունքում թեկնածուն ընտրվել է: