Ապրիլի 19-ին ոստիկանության հրաձգարանում տեղի ունեցավ ոստիկանության 101-րդ տարեդարձին նվիրված «Մակարով» տեսակի ատրճանակից հրաձգության առաջնություն:
Մասնակցում էին իրավական ոլորտը լուսաբանող լրագրողներ տարբեր հեռուստաընկերություններից, կայքերից ու թերթերից:
Մինչ առաջնության մեկնարկը ոստիկանները լրագրողներին ներկայացրին զենքի կառուցվածքը, ճիշտ ու դիպուկ կրակելու և անվտանգության կանոնները:
Յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն տրվեց արձակել 3 փորձնական և 8 մրցութային կրակոց:
Առաջնությանը հետևում էին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանն ու մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը:
Արդյունքներն ամփոփելուց հետո հայտարարվեցին հաղթողների անուններն ու նրանք պարգևատրվեցին պատվոգրերով:
3-րդ հորիզոնականը զբաղեցրեց «Առաջին ալիքի» լրագրող Մուշեղ Իսախանյանը, երկրորդը՝ «news.am»-ից Թագուհի Մելքոնյանն էր, իսկ առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց «Հայկական ժամանակ» օրաթերթի ֆոտոլրագրող Սևակ Գրիգորյանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։