Նշենք, որ ամբաստանյալների դատավճռի դեմ բողոք է ներկայացրել Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Դատախազը պահանջել է բեկանել դատավճիռը, ամբաստանյալներին մեղավոր ճանաչել նախաքննական մարմնի կողմից մեղսագրված արարքների համար, Ալիկ Բանդուրյանին դատապարտել 8 տարի, Պետրոս Իսրայելյանին՝ 14 տարի, իսկ Արմեն Գասպարյանին՝ 1 տարի 6 ամիս ազատազրկման:

Վերաքննիչ բողոք է բերել նաև ամբաստանյալ՝ Պետրոս Իսրայելյանի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ պահանջելով իր պաշտպանյալի մասով բեկանել ու փոփոխել դատավճիռը, Պետրոս Իսրայելյանին ճանաչել անպարտ ու արդարացնել:

Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը այսօր դատարանում հասցրեց ներկայացնել բողոքի մի մասը: Առաջին ատյանի դատարանը որպես ապացույց թույլատրելի չի ճանաչել իրականացված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները, գտել է, որ այդպիսի ապացույցի տեսակ նախատեսված չէ քրեական դատավարության օրենսգրքով:

Դատախազը անհրաժեշտ համարեց հրապարկել  հեռախոսային խոսակցությունների վերահսկում գործողության արդյունքում գաղտնալսված՝ Ալիկ Բանդուրյանի ու Պետրոս Իսրայելյանի, Ալիկ Բանդուրյանի ու Արմեն Գասպարյանի և այլ խոսակցությունները, որոշ մեջբերումներ կատարեց:

Այդ հեռախոսային խոսակցություններից պարզ է դառնում, որ Ալիկ Բանդուրյանն ու Պետրոս Իսրայելյանը պայմանավորվածություն են ձեռք բերում Մուշեղ Մուշեղյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ:

Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրաելյանին հորդորում է այնպես ծեծել, որ Մուշեղյանը հիվանդանոց ընկնի: Նշենք, որ այս հեռախոսային խոսակցությունները հրապարակվել էին առաջին ատյանի դատարանում, սակայն դրանք ապակիներից այն կողմ գտնվողների համար լսելի չէին դարձել:

Ալիկ Բանդուրյանի հետ խոսակցության ընթացքում Պետրոս Իսրայելյանը հեռախոսը փոխանցում է Մուշեղի հետ նկուղային հարկում գտնվող քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանին, և Նորատուսցի Ալիկը նրան ասում է, որ տարածքից գնա, նշում է, որ այդ մասին տեղյակ է նաև քրեական հեղինակություն Զապը՝ Անդրանիկ Սողոյանը:

«Հմի էդ Մուշոյին լխկո՞ւմ ենք մենք ընգեր»,- Ալիկ Բանդուրյանին հարցնում է Պետրոս Իսրայելյանը և դրական պատասխան ստանում: «Հենց քուչի մեջն էլ մորթեք», «Գեղա՛մ, կիսատ-պռատ չծեծեն էլի դրան…», «նենց ես ծեծում, որ հիվանդանոց էթա էլի, այսինքն», «դրան պիտի բիտեքով ծեծեք որպես թշնամու», «ընգեր, պա բռատսկի մորթում եք», – ասում է Ալիկ Բանդուրյանը, ինչին ի պատասխան Իսրայելյանն ասում է՝ «մեր սաղի համար ենք տփում»:

«Գեղամ, բայց ծեծելուց ասում ես նենց ծեծեն սաղ ջարդեն, էլի»,- զգուշացնում է Բանդուրյանը: Պետրոս Իսրայելյանն էլ հավաստիացնում է, որ հենց այդպես էլ ծեծելու են՝ նշելով, որ իրենց մոտ համ դուբինկա կա, համ լապատկի կոթ «Բիտեքով ասա ոտքերը ջարդեք, Գեղամ, լավ ջիգյարով…»,- հավելում է Ալիկ Բանդուրյանը:

Հեռախոսային խոսակցությունների ժամանակ Ալիկ Բանդուրյանը դեպքից հետո զգուշացրել է, թե «շնական տասովկա է լինելու… չասեք, որ դեմից ծեծել եք»:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանի հիմնավորումները անավարտ մնացին՝ դատարանը այլ գործով ծանրաբեռնված էր: Դատախազն իր բողոքի հիմնավորումները կշարունակի ներկայացնել հաջորդ նիստին՝ մայիսի 7-ին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի 20.04.2019 համարում: