Երևանի քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանում տեղի են ունեցել հանրային լսումներ՝ «Երևան քաղաքի կանաչապատման արդի հիմնախնդիրները» թեմայով: Լսումներին ներկա են եղել քաղապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը, վարչության մասնագետները, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների և ասոցիացիաների նախագահներ, թեմայով հետաքրքրված այլ անձինք:
Խաչիկ Հակոբյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում վարչության կողմից իրականացված աշխատանքները ինչպես կանաչապատման, այնպես էլ բնապահպանական ոլորտում: Ներկայացվել են մի շարք ծրագրեր, որոնք կիրականացվեն ընթացիկ կամ հաջորդ տարվա ընթացքում: Ըստ բնապահպանության վարչության պետի՝ այդ աշխատանքներն ուղղված են լուծելու մայրաքաղաքում երկար տարիներ գոյություն ունեցող բազմաթիվ բնապահպանական խնդիրներ, ինչպես նաև որոշակիորեն փոխելու մայրաքաղաքի արտաքինը:
Խաչիկ Հակոբյանը նաև պատասխանեց մասնակիցներին հուզող հարցերին: Եղան նաև առաջարկներ, որոնք կքննարկվեն վարչությունում, և դրանցից լավագույններին մոտ ժամանակներում ընթացք կտրվի: