fbpx
Աշխարհ

Ղազախստանի զորամասում պայթյունից հետո ավելի քան 30 մարդ է դիմել բուժօգնության

Ավելի քան 30 մարդ է բժիշկների օգնությանը դիմել Ղազախստանի Թուրքստանի մարզի Արիս քաղաքի զորամասի տարածքում տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին հունիսի 24-ին հայտնել է Tengrinews ղազախական լրատվական գործակալությունը:

«34 մարդ է դիմել Օրդաբասինի շրջանի կենտրոնական հիվանդանոց: Նրանց բոլորին հետազոտել են»,-գործակալությանը հայտնել են Թուրքստանի մարզի առողջապահության վարչությունում, միաժամանակ չի ճշտվել՝ ինչ գանգատներով են դիմել տուժածները:

Հունիսի 24-ին Ղազախստանի զինված ուժերի՝ Թուրքստանի մարզի Արիս քաղաքի մոտ գտնվող զինապահեստներից մեկում բռնկում է տեղի ունեցել, որի հետևանքով այրվել է զինամթերքի մի մասը: Տեղի ունեցածի պատճառներն ու հանգամանքները պարզվում են: Պաշտպանության նախարարության ղեկավարությունը պատահարի վայր է ուղարկել հատուկ ստեղծված հանձնախումբ, Ղազախստանի զինուժերի անձնակազմը հետևանքների վերացման միջոցներ է ձեռնարկել: Ինչպես ավելի վաղ հայտնել է Թուրքստանի մարզի վարչակազմի ղեկավար Ումիրզաք Շուքեևը, Ղազախստանի իշխանություններն արտակարգ դրության ռեժիմ են սահմանել մարզի տարածքում։

«Արտակարգ դրությում է հայտարարված մարզում: Մոբիլիզացված են բոլոր շրջանները, բոլոր մերձակա բնակավայրերը: Տեղի ունեցածի մասշտաբները պահանջում են տարհանել ամբողջ քաղաքը: Բոլոր ուղղություններով կշարժվեն ավտոմեքենաների շարասյուներ, կվերցնեն մարդկանց, կտեղափոխեն հատուկ կազմակերպված ճամբարներ»,-ասել է Շուքեևը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ