Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտնել է համացանցում տարածվող հերթական խաբեության մասին։
Այս մասին տեղեկանում ենք գործակալության Facebook-ի էջից։
Նշվում է, որ խաբեությունը տարածվում է Քարֆուր Հայաստանի անունից։
«Էկրանին հայտնված պատուհանը տեղեկացնում է, թե իբր դուք պատասխանելով հարցաշարի հարցերին հնարավորություն կունենաք շահել որոշակի գումար՝ Քարֆուր Հայաստանի կողմից կազմակերպված խաղարկությունում», – այս մասին գրում է Քարֆուրը:
Նշվում է նաև, որ Քարֆուրը տվյալ խաղարկության հետ ոչ մի առնչություն չունի։
Գործակալությունից էլ քաղաքացիներին հորդորում են չվստահել նման կեղծ խաղարկություններին ու չփոխանցել որևէ անձնական տվյալ։


