Մայիսի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին կոլեգիայի անդամներ, կենտրոնական վարչակազմի, տարածքային վարչությունների ու բաժինների պետեր:
Վալերիյ Օսիպյանը խոսեց հանցագործությունների ու բացահայտումների մասին: Նա նշեց, որ պետք է արդյունավետ աշխատանքներ իրականացնել նաև նախկինում կատարված հանցագործությունները բացահայտելու ուղղությամբ: Ոստիկանության պետը հանձնարարեց ևս մեկ անգամ զրուցել տուժողների հետ, ի հայտ բերել նոր հանգամանքներ, որոնք կօգնեն բացահայտել հանցագործությունը:
Ոստիկանության պետը հանձնարարեց ակտիվացնել աշխատանքները ապօրինի պահվող զենք-զինամթերք հայտնաբերելու, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր բացահայտելու, ինչպես և հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Վալերիյ Օսիպյանը նշեց նաև. որ շուտով կամփոփվի այս տարվա վեց ամիսների ոստիկանության աշխատանքը: Ամփոփումից հետո բացասական պատկեր ունեցող ստորաբաժանումներում կիրականացվեն կադրային փոփոխություններ:
Ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց ոստիկաններին «Վերջին զանգի» օրն իրականացրած ուժեղացված ծառայության համար: Նրանց բարեխիղճ ծառայության շնորհիվ այդ օրը շրջանավարտների մասնակցությամբ որևէ դժբախտ դեպք կամ պատահար չի գրանցվել:
Խորհրդակցությանը քննարկվեցին նաև օպերատիվ գործունեությանը վերաբերող այլ հարցեր:
Ավարտին՝ տարբեր հանցագործությունների բացահայտման համար ոստիկանության պետի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ արժանացան դրամական խրախուսանքների:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։