fbpx
Իրավական

Խորհրդակցություն՝ ոստիկանություն-համայնք կապի ամրապնդման ուղղությամբ

ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման նախաձեռնությամբ հունիսի 28-ին Գեղարքունիքի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում՝ ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության տարածքային բաժանմունքների պետերի և Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց , որ նման ձևաչափի հանդիպում մարզում կազմակերպվում է առաջին անգամ, ինչը և՛ ողջունելի է, և՛ արդյունավետ մի շարք առումներով: «Ես շատ կարևորում եմ մարզում տարբեր կազմակերպությունների միջև ստեղծվող համագործակցությունը: Այն նպաստում է ոլորտներում առկա բազմաթիվ խնդիրների բացահայտմանը և դրանց լուծմանը: Այդ առոմով ես կարևորում եմ նաև ոստիկանության մարզային ստորաբաժանումների ու տեղական ինքնակառավարման սերտ կապն ու համագործակցությունը, ինչը կնպաստի համայնքային նշանակության շատ հիմնախնդիրների կարգավորմանը», – նշեց մարզպետ Գնել Սանոսյանը:

ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը ևս իր ելույթում նշեց, որ շատ կարևոր է համարում ոստիկանություն-համայնք սերտ կապն ու համագործակցությունը: Այն հնարավորություն է ստեղծում՝ համայնքներում ծագած խնդիրներին լուծում տալ առավել արդյունավետ կերպով և օրենքի տառին համապատասխան: «Ես տեսնում եմ բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ բացթողումներ, հատկապես ապօրինի շինարարությունների իրականացման ուղղությամբ: Իմ նպատակն այն չէ, որ բոլորին պատասխանատվության ենթարկենք: Ոստիկանություն-համայնք կապի ամրապնդումը կնպաստի, որպեսզի համայնքներում ապօրինի շինարարությունները բացառվեն, և ամեն ինչ իրականացվի միայն օրինականության շրջանակներում: Ես ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել նաև բնակարանային գողությունների երևույթի վրա: Ճիշտ է, այդ առումով Գեղարքունիքի մարզում պատկերն այնքան էլ մտահոգիչ չի, սակայն , պետք է լինենք հետևողական, և լավ կլինի , որպեսզի այս հարցում օգտվենք տեսախցիկների տեղադրաման հնարավորությունից: Եթե կլինեն համայնքային այլ խնդիրներ, որոնք կառնչվեն ոստիկանության աշխատակիցների հետ, խնդրում եմ՝ անպայման մեզ տեղեկացնել, քանզի օրենքի առաջ բոլորս հավասար իրավունք ունենք »,- նշեց Արամ Ղազարյանը:

Ոստիկանության մարզային վարչության պետն այնուհետև պատասխանեց համայնքների ղեկավարների կողմից բարձրացված որոշակի հարցերի:

Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ