fbpx
Սպորտ

Կարապետ Չալյանը վաստակեց Հայաստանի 6-րդ մեդալը Մինսկում

Եվրոպական երկրորդ խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) արծաթե մեդալ նվաճեց։

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի չեմպիոնական գոտեմարտում Չալյանի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Չեխիրկինն էր։ Դրամատիկ պայքարում մեր ըմբիշը 6-7 հաշվով պարտություն կրեց՝ արժանանալով արծաթե մեդալի։

Հավելենք, որ Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում 9-0 հաշվով հաղթել էր Ուկրաինայի ներկայացուցիչ Էլմար Նուրալիևին:

1/4 եզրափակչում, շարունակելով պայքարը, Չալյանը 2-1 հաշվով հաղթանակ էր տարել Մոլդովայի ներկայացուցիչ Իգոր Բեսլագայի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում առավելության էր հասել հունգարացի Տամաշ Լյորինցի նկատմամբ՝ 4-1 հաշվով։

Հունահռոմեական ոճի ըմբիշներից Արթուր Ալեքսանյանը (97 կգ) հունիսի 30-ին կպայքարի ոսկե մեդալի համար, իսկ Մաքսիմ Մանուկյանը կմասնակցի սփոփիչ գոտեմարտի։ Ավելի վաղ պայքարի դուրս եկած Կարեն Ասլանյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում, իսկ Արմեն Մելիքյանը (60 կգ) պարտվել է հենց մեկնարկում։

Նշենք, որ Կարապետ Չալյանի արծաթե մեդալը Հայաստանի 6-րդ մեդալն է երկրորդ Եվրոպական խաղերում։ Ավելի վաղ 3 մեդալ նվաճել են սամբիստները, 2 մեդալ՝ բռնցքամարտիկները։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ