Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան փողոցում բախվել են Nissan Note մակնիշի 35 NV 348 համարանիշի , ВАЗ 2107 մակնիշի 015 DD 05 համարանիշի, Opel մակնիշի 35 ՍZ 670 համարանիշի և Ford Transit մակնիշի 080 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանը և Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանը:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխացնել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել են նույն վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանը, պետի տեղակալ Սամվել Սամվելյանը և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:
Նշված հատվածում երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի քննիչները կարողանան դեպքի վայրի զննություն կատարել:
Օպերատիվորեն ժամանել են նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների կոմունալ բաժնի ծառայողները, ովքեր մեքենաները տեղափոխելուց հետո կատարելու են ճանապարհի լվացման աշխատանքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
