Հասարակություն

Խոշորացված համայնքների բնակիչները կրկին դժգոհ են

Ինչ խնդիրներ  կան խոշորացված համայնքներում և ինչ է փոխվել համայնքների միավորման արդյունքում։ Այս հարցերն են քննարկվելու  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» խորագրով եռօրյա համաժողովի  ընթացքում, որը նախաձեռնել է «Կոմպաս» գիտահետազոտական  ՀԿ-ն:

Նախորդ տարի  ձևավորվել է նաև «Համազարկ» կոալիցիան, որի մեջ ընդգրկված են մարզերում և մայրաքաղաքում գործող 34 հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է զբաղվեն համայնքերի կարիքների գնահատման մեխանիզմների մշակման աշխատանքներով: Հասարակական կազմակերպությունը հետազոտություններ է անցկացրել Շիրակի, Լոռու և Տավուշի խոշորացված երկուական համայնքներում։

Քննարկումը խոշորացված համայնքների մեծ խնդիրներին էր առնչվում, որին Շիրակի, Լոռու և Տավուշի  համայնքներից հրավիրված  ղեկավարները կամ ներկայացուցիչները չէին եկել: Միակը, որ չէր անտեսել հրավերը, Աշոցք խոշորացված համայնքի նորընտիր ղեկավարն էր, որը եղել է լսողի կարգավիճակում։
Հենց այսպիսի վերաբերմունքն էլ փորձագետները շեշտեցին, որ համայնքի ղեկավարներն ունեն համայնքային խնդիրների նկատմամբ: Օրինակներն էլ շատ են, թե ինչպես համայնքապետերը չեն կարողանում գյուղի առաջնային խնդիրները երկրորդայինից զատել, իսկ որոշումներն էլ կայացնում են միանձնյա։

«Խոշորացված համայնքների ղեկավարները կամ իրենց ունեցած փորձով, կամ իրենց գիտելիքներով իրենք են որոշում, թե, օրինակ, ինչ սուբվենցիոն ծրագիր ներկայացնեն,կամ ինչպիսի դրամաշնորհային ծրագրի դիմեն։ Դա պետք է արվի հարցումների միջոցով, մարդկանց կարծիքը իմանալու միջոցով», – ասել է «Կոմպաս» գիտահետազոտական-կրթական ՀԿ-ի նախագահ Ղարիբ
Հարությունյանը։
Համայնքի բնակիչների կարծիքը հաշվի չէր առնվել նաև խոշորացման գործընթացի ժամանակ: Սա ամենամեծ թերությունն էր, որն, ըստ բանախոսների, համայնքների միջև խնդիրներ է ստեղծել:Խոշորացման երկրորդ փուլում ևս նույն սխալը թույլ տրվեց :

Շիրակի մարզում միավորվեցին 44 համայնքներ ու ձևավորվեց Ամասիայի, Արփիի, Աշոցքի և Սարապատի փնջերը։Հենց այս համեմատաբար աղքատ ու փոքր գյուղերի խոշորացումը արդարացվեց միայն ֆինանսական միջոցների կենտրոնացումով, բայց, ըստ փորձագետների, հաշվի չեն առնվել համայնքների ռեսուրսներն ու հնարավորությունները։Խոշորացված համայնքներում հասարակական սեկտորի ներկայացուցիչների ուսումնասիրությունների շնորհիվ պարզվել է, որ այդ գյուղերում ենթակառուցվածքները վատ վիճակում են, համայնքները չունեն բավարար միջոցներ դրանք լուծելու համար, իսկ աղբահանություն որոշ գյուղերում չի էլ կատարվում։

Խոշորացման գործընթացից հետո, երբ բյուջեներն էլ խոշորացվեցին, դարձյալ այդպես չբարեկարգվեցին միջհամայնքային ճանապարհները: Լուծումն էլ ժամանակավոր է ու ընդամենը հարթեցման միջոցով անցանելի են պահում: Ինչպես աղբահանությունը, այնպես էլ լուսավորությունը շատ գյուղերում երկրորդային խնդիր է համարվում։ Բնակիչների հետ ունեցած հարցումների արդյունքում պարզել են, որ փոքր ու կենտրոններից հեռու գտնվող համայնքները միշտ մնում են ուշադրությունից դուրս: Համաժողովի ընթացքում մշակվելու են համայնքային խնդիրները լուծելու հստակ մեխանիզմներ, որոնք առաջարկելու են կառավարությանը։

Աղբյուր՝ https://www.shantnews.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ