Հունիսի 30-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին հաղորդում է ստացվել, որ «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում դանակահարություն է եղել:
Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ոստիկանները պարզել են, որ ժամը 17.30-ի սահմաններում «Պարզ լիճ» հանգստյան գոտու տարածքում հանգստացող 4 երիտասարդ ցանկացել են լճում լողալ, սակայն նրանց զգուշացրել են, որ լճում լողալն արգելված է: Նրանք չեն ենթարկվել, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել հասարակության նկատմամբ: Արդյունքում 28 և 29-ամյա երիտասարդները դանակով հարվածել են վեճին միջամտած 53-ամյա տղամարդուն՝ պատճառելով վնասվածքներ: Նա «կտրած-ծակած արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Խուլիգանության կասկածանքով 4 անձ բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին, ապա ներկայացվել Դիլիջանի քննչական բաժին:
Տուժողից ընդունվել է հաղորդում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։