Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի և նրա դստեր հիշատակին երկրպագուների՝ Լոս Անջելեսի Staples Center մարզահամերգային համալիրի մոտ բերած որոշ իրեր կհանձնվեն մարզիկի ընտանիքին։ Այս մասին հաղորդում է Daily Mail պարբերականը:
Համալիրի տնօրինությունը նշել է, որ մարզիկի կինը՝ Վանեսա Բրայանտը, կապ է հաստատել իրենց հետ և համաձայնություն հայտնել, որ երկրպագուների բերած որոշ իրեր իրենց տուն ուղարկվեն:
Օրեր անց որոշ իրեր՝ այդ թվում շապիկներ, նամակներ, բասկետբոլի գնդակներ, խաղալիքներ, կառանձնացվեն և հատուկ փաթեթավորումներով կուղարկվեն մարզիկի ընտանիքին: Մարզահամերգային համալիրի մոտ հիշատակի վայրը կգործի մինչև կիրակի օրը, որից հետո որոշ միջոցառումների անցկացման նպատակով այն կփակվի:
Հիշեցնենք՝ Բրայանտն ու 13-ամյա դուստրը՝ Ջինան, մահացել են հունվարի 26-ին ուղղաթիռի կործանման հետևանքով: