Քենիան խորապես մտահոգված է այն տեղեկություններով, որոնք ստացվել են Լաչինի միջանցքի արգելափակման շարունակման վերաբերյալ։ Քենիան երկու կողմերին կոչ է անում նվազեցնել առկա լարվածությունը և համագործակցել՝ ապահովելու համար միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը՝ նախկինում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան։ Այս մասին հայտարարել է Քենիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ նիստում, որի ընթացքում քննարկվում էր իրավիճակը Լաչինի միջանցքում։
«Ընդգծում ենք, որ անհրաժեշտ է, որպեսզի կողմերն առավելագույն զսպվածություն ցուցաբերեն և զերծ մնան որևէ գործողություններից, որոնք կարող են սրել իրավիճակը։ Նրանք պետք է մասնավորապես զերծ մնան ապատեղեկատվության և կեղծ տեղեկատվության տարածումից, այդ թվում՝ սոցիալական ցանցերում։ Դա կարող է խուճապ սերմանել բնակչության շրջանում՝ խաթարելով փոխըմբռնումը և խաղաղությունը», – հայտնել է ՄԱԿ-ում Քենիայի ներկայացուցիչը։
Դիվանագետը նշել է, որ որևէ հակամարտություն չի կարող ունենալ ռազմական լուծում, սակայն վեճերի խաղաղ լուծման համար առկա գործիքների կիրառությունը, ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված գործիքների կիրառությունը, այդ թվում՝ խորհրդակցությունները և բանակցությունները, լավագույն հնարավորությունն են ընձեռում տևական և կայուն արդյունքի հասնելու համար։ Ուստի մենք կոչ ենք անում շահագրգիռ կողմերին շարունակել աշխատել երկու կողմերի հետ՝ գտնելու հակամարտության համապարփակ և տևական լուծում և կարգավորելու հարաբերությունները՝ հիմնվելով երկու կողմերի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարգման սկզբունքների վրա՝ իրենց սահմաններով», – ասել է Քենիայի ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ երկխոսությունը պետք է որդեգրել՝ որպես հակամարտության լուծման առաջնային և ամենակենսունակ ճանապարհը։ Ըստ Քենիայի ներկայացուցչի՝ երկու երկրները պետք է բարեխղճորեն աշխատեն՝ քաղաքական կամք և վճռականություն ցուցաբերելով։
«Այդպիսի համագործակցությունն իր հերթին կբերի շոշափելի արդյունքներ, որոնք շահեկան կլինեն երկու երկրների համար», – եզրափակել է Քենիայի ներկայացուցիչը։