Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել տեսաուղերձով ուղղված համայն հայությանը։
Նա մասնավորապես, նշել է.
«Ուզում եմ ձեզ դիմել հերթականկարևոր կոչով։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի, Թուրքիայի և միջազգային ահաբեկչության կողմից Արցախի և հայ ժողովրդի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմը շարունակվում է։ ՊԲ-ն այս ընթացքում շարունակում է հերոսաբար դիմադրել և ուժգին հակահարվածներ հասցնել թշնամուն՝ պատճառելով մարդկային և զինտեխնիկայի ահռելի կորուստներ։ Մարտերի ընթացքում իրենց լավագույնս են դրսևորում Մայր Հայաստանից և Սփյուռքից ժամանած մեր հայրենակիցները։
Հատուկ ուզում եմ ընդգծել հայրենիքի պաշտպանության գործում մեծ ներդրում ունեցած և պատերազմական հարուստ փորձ ունեցող մեր մարտական ընկերների մասնակցությունը, ինչպես նաև ժամկետային մեր հերոս երիտասարդներին։
Մենք տեսնում ենք նաև Ռուսաստանի և միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ և բարձր եմ գնահատում այդ առաքելությունը։
Գիտեք, որ վերջերս եռակողմ ձևաչափով տեղի ունեցել հանդիպում Մոսկվայում, ՌԴ նախագահի նախաձեռնությամբ և հայտարարություն է արվել գոնե հումանիտար հրադադարի հետ կապված և հետագայում վերսկսել բանակցությունները։ Բայց հակառակորդը օգտվելով առիթից արդեն այդ հայտարարության հաջորդ օրվանից սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ համարյա ճակատի ամբողջ երկայնքով, մանավանդ հարավային ուղղությամբ։
Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ և օր-օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։ Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու համար ունենք ընդամենը կմեկ ճանապարհ՝ պարտադրել զինադադար։ Մենք կողմ ենք առանց նախապայմանների սկսել մեր ստանձնած հումանիտար առաքելության պատասխանատվությունը և հետագայում շարունակել բանակցությունները՝ խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ։ Չնայած արդեն անհնարին է խաղաղ ճանապարհով, բայց ուշ չէ։
Հակառակորդը ընտրել է ոչ թե ղարաբաղյան խնդրի լուծման ճանապարհը, այլ բնաջնջելու առաջին հերթին Արցախի հայությանը, իսկ հաջողության դեպքում նաև Հայաստանը։ Մենք այդ ձեռագիրը տեսնում ենք։
Մենք ավելի ծանր ժամանակներ էլ ենք ունեցել 1992-1994 թվականներին, երբ ռազմական գործողություններ էին ընթանում Գանձասարի մատույցներում, Ասկերանի, Մարտունու, Հադրութի։ Մեզ հաջողվել է հաղթել, որովհետև հավատում էինք հաղթանակին։ Այսօր էլ հավատում ենք, որ հաղթելու ենք։
Մեզ պետք է համախմբվել, միավորվել և մասնակցել մարտական գործողություններին։ Ակնկալում եմ իմ եղբայրների ակտիվ մասնակցությունը, սփյուռքում ապրող ղարաբաղցիների, Հայաստանում ապրող մեր եղբայրների։ Օրհասական պահն է այսօր, հայրենիքը պահելու կամ չպահելու, պատվով ապրելու փոխարենը անպատիվ ապրելուց հրաժարվելու։ Մենք պետք է պատվով շարունակենք ապրել։
Դրա համար կոչ եմ անում ոչ միայն նյութական, այլ նաև ֆիզիկական ձեր մասնակցությունը, մենք դրա կարիքն զգում ենք։ Մենք հաղթելու ենք»։
Այս մասին տեղեկանում ենք news.am-ից: