Հայ Հեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ: Այն ներկայացնում ենք՝ առանց խմբագրման:
«Ափսոսանքով փաստում ենք. օրվա քաղաքական իշխանությունը, չհետևելով բազմաթիվ հորդորների և զգուշացումների, երկիրը ներքաշում է հերթական արկածախնդրության մեջ:
Շահարկելով և ձևախեղելով անմիջական ժողովրդավարության կարևոր ինստիտուտ հանդիսացող հանրաքվեն, իշխանությունը քողարկում է ամեն գնով մենիշխանություն հաստատելու սեփական նպատակն ու երկրի առջև ծառացած սպառնալիքները չեզոքացնելու անկարողությունը:
Դատապարտելով ամբոխավարական մեթոդներով արհեստական օրակարգ ձևավորելու քաղաքական իշխանության վարքագիծը, ահանզանգ հնչեցնելով այս հակասահմանադրական ընթացքի մասին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է` անընդունելի է հակաօրինական ճանապարհով հարցեր լուծելու իշխանության մոտեցումը:
Ըստ այդմ.
-Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին՝ մասնակից չդառնալ իշխանությունների կողմից նախաձեռնած հերթական ապօրինությանը, անտեսել ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն՝ հստակ ուղերձ հղելով իշխանություններին, որ ժողովուրդն այլևս հոգնել է պուպուլիզմից, արհեստածին օրակարգերից, հասարակությունը «սևերի» ու «սպիտակների» բաժանելու քայքայիչ քաղաքականությունից, արդեն շարունակական դարձած ցնցումներից, որոնք այդպես էլ չնպաստեցին հանրային բարեկեցության աճին և իրական ժողովրդավարությանը:
-Դիմում ենք քաղաքական կուսակցություններին, քաղաքացիական հասարակությանը, մեր հայրենակիցներին՝ միավորել իրենց ջանքերը՝ բացառելու «Այո»-ն, կանխելու հակապետական այս ընթացքը և, ի վերջո, ձեռնամուխ լինել իրական բարեփոխումների իրականացմանը: Այս նպատակներին հասնելու համար Դաշնակցությունը կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ»: