Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել ավելի վաղ Սենատում հաստատված օրինագծին՝ ԱՄՆ հարավային սահմանին միգրացիոն ճգնաժամի կարգավորման համար 4,6 մլրդ դոլարի հատկացման մասին։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Օրինագիծը նախագահ Դոնալդ Թրամփին ստորագրելու է ուղարկվել այն բանից հետո, երբ դեմոկրատները դադարեցրել են օրինագծի տեքստում միգրանտների լրացուցիչ պաշտպանության միջոցառումներ հավելելու փորձերը:
Ինչպես Սպիտակ տունը, այնպես էլ Սենատում հանրապետական մեծամասնությունը համաձայն չէին փոփոխություններին, որոնք պնդում էին Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդները: Հանրապետականներին էր հարել չափավոր դեմոկրատների մի մասը: Արդյունքում Կոնգրեսի ստորին պալատը օրինագիծը հաստատել էր առանց փոփոխությունների:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին քվեարկությունից կարճ ժամանակ առաջ հայտարարել էր, որ իր գործընկերները ստիպված են ժամանակավորապես զիջել միգրանտների իրավունքների համար պայքարում: «Վերջիվերջո, մենք պետք է ամեն ինչ անենք, որ երեխաների պաշտպանության համար անհրաժեշտ միջոցները հատկացվեն: Որպեսզի երեխաների համար միջոցները հնարավորինս շուտ ստացվեն, ստիպված ենք օրինագծին կողմ քվեարկել Սենատի տարբերակով»,- ասել էր Փելոսին:
Օրինագիծը ստացել է 305 կողմ ձայն, դեմ՝ 102:
