Կառավարություն
21:00 11/05/2020

Կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ՝ ՊԵԿ շնագիտական կենտրոնում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի շնագիտական (կենտրոն) բաժնում կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում, տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին։

Նշվում է, որ շնագիտական կենտրոնի տարածքն ամեն օր ախտահանվում է: Երկու անգամ չափվում է աշխատակիցների ջերմությունը, և պահպանվում են հիգիենայի կանոնները: Կորոնավիրուսի հնարավոր վտանգից ծառայողական շներին պաշտպանելու համար կենտրոնի մասնագետներն աշխատում են դիմակով և ձեռնոցով: Ծառայության ավարտից հետո ախտահանում է իրականացվում նաև ծառայողական շների համար։

Աղբյուրի պնդմամբ՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնի ծառայողական շներն այս օրերին տարածքից դուրս են բերվում անհետաձգելի դեպքերում: Սակայն Մեղրիի մաքսային կետ-բաժնում մշտական ծառայությունը պահպանվում է:

Արտակարգ դրության ընթացքում Մեղրիի աշխատակիցների մի մասը երկարատև վերապատրաստում է անցել շնագիտական կենտրոնում, բարձրացվել են շնավարժների նեղ մասնագիտական գիտելիքները, ծառայողական շների աշխատանքային որակները և ֆիզիկական պատրաստվածության աստիճանը: Ուզբեկստանի Հանրապետությունում վերապատրաստված երկու շնավարժ-կինոլոգները տեսական դասընթացներ և գործնական պարապմունքներ են անցկացրել բաժնի աշխատակիցների համար` կինոլոգիայի ծագման, զարգացման, շների հոգեբանության, ընդհանուր և հատուկ վարժեցման վերաբերյալ:

ՊԵԿ հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ շնագիտական կենտրոնում շարունակում են բարձրացնել ծառայողական շների ֆիզիկական պատրաստվածության աստիճանը։ Անցկացվում են թմրանյութերի և հոգեմետ դեղերի որոնման մարզումներ` իրականին նմանեցված պայմաններում, մասնավորապես՝ մարդատար մեքենաներում, փոստային բաժանմունքի, մաքսային անցակետի և բնակարանի նմանեցված սենյակներում։

Պարապմունքներին զուգահեռ մաքսային ծառայողները հոգում են նաև ՊԵԿ շնագիտական կենտրոնի կանաչապատման մասին՝ տնկելով ավելի քան 300 ծառ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ