fbpx
Առողջապահություն

Կորոնավիրուսի տարածման հետևանքները համաշխարհային տնտեսության վրա

Վիրուսը և դրա շուրջ ստեղծված վախերը բնականաբար չէին կարող ազդեցություն չունենալ հաշխարհային տնտեսության վրա: 2002-03թթ. կորոնավիրուսի մեկ այլ տեսակի առաջացրած համաճարակի հետ համեմատություն անցկացնելով՝ որոշ մասնագետներ պնդում են, որ այս նոր իրավիճակը կարող է համաշխարհային տնտեսությանը տրիլիոնավոր դոլարների վնասներ հասցնել: Չնայած՝ հակադիր տեսակետ ունեցողներն էլ պնդում են, որ վիրուսի տարածվածությունն ու տնտեսական վնասներն ուղիղ համեմատական չեն, և վնասներն ընդհանուր առմամբ ժամանակավոր են լինելու և արագ վերականգնելի:

Վնասները հիմնականում պայմանավորված են առողջապահական ոլորտում խոշոր ծախսերով, ռիսկային գոտիներում առևտրի նվազեցմամբ ու դրանից բխող ապրանքների պահանջարկի անորոշությամբ և մարդկանց աշխատանքների դադարեցմամբ:

Տնտեսական ռիսկերի առջև են կանգնած հատկապես այն երկրները, որոնց տնտեսությունում մեծ դեր ունի տուրիզմը: Իսկ համաշխարհային առևտրաշրջանառության նվազումն էլ հանգեցրել է նավթի միջին գնի անկման՝ մեկ բարելի գինը 2017թ. ամռանից հետո առաջին անգամ հիսուն դոլարից ներքև նվազեցնելով:

Շեշտենք, որ վերջնական վնասերի հաշվարկն անհնար է, որովհետև այն կախված է վիրուսի հետագա տարածումից, և տարբեր կառավարությունների ձեռնարկած քայլերից:

Փետրվարի 2-ին Չինաստանը հայտարարել է, որ պատրաստվում է շուրջ 150 միլիարդ դոլար ծախսել հիվանդության դեմ պայքարի համար: Արտաքին առևտրաշրջանառությունը զգալիորեն պակասել է, իսկ առաջիկա տնտեսական աճն էլ, կանխատեսվում է անկում ապրել՝ ներկայիս 6-7%-ից իջնելով 2-4%-ի: Այժմ Չինաստանի տնտեսական վնասներն ավելի լուրջ հետևանքներ կարող են թողնել աշխարհի վրա, քան 2003թ. համաճարակի ժամանակ, որովհետև հիմա այդ երկրի տարեկան արդյունքը համաշխարհային արդյունքի շուրջ 16%-ն է կազմում, ի տարբերություն այն ժամանակվա շուրջ 4%-ին, մյուս կողմից էլ՝ ներկայիս միջին չինացին ավելի վճարունակ է, և իր կողմից ծախսերի նվազեցումն էլ ավելի մեծ հետևանքներ է թողնում շուկայական հարաբերությունների վրա: Սակայն միևնույն ժամանակ շեշտենք, որ Չինաստանում արդեն իսկ առկա խոշոր տնտեսական ռեսուրսներն ու պետության ավտորիտար և տնտեսության պետականակենտրոն լինելը թույլ կտա այս ճգնաժամից ավելի արագ վերականգնվել, իսկ համաճարակն այդ երկրում արդեն իր անկման փուլում է:

Չինաստանի տնտեսության վերականգնումը Եվրոպայի համար անհրաժեշտ է, որովհետև վերջինիս արդյունաբերությունը կախված է նաև Չինաստանից ներկրվող հումքերից, իսկ այդտեղ գործարանների մի մասը ներկայումս չի աշխատում:

Չինաստանից և Իրանից հետո երրորդ ամենավտանգավոր ցուցանիշերն ունեցող Իտալիայի տնտեսության մեջ խոշոր դեր է խաղում տուրիզմը, որը ներկա պահին անկման փուլում է, իսկ նորաձևության կենտրոններից մեկը հանդիսացող՝ Միլանում քաղաքում ակտիվ կյանքը դադարեցված վիճակում է: Նույն պատկերը Իտալիայի մյուս տուրիստաշատ քաղաքներումն է առկա: Վերջերս պետությունը 3.6 միլիարդ եվրո գումար ներդնելու որոշում է կայացրել, որը նախատեսված է լինելու մի կողմից համաճարակի դեմ պայքարի, մյուս կողմից էլ՝ վնասներ կրած խոշոր ընկերություններին հատուցելու համար, որովհետև որոշ ընկերություններ մինչև 25% եկամուտի անկում են գրանցել: Նշենք, որ Եվրոզոնայի ներսում Իտալիան Հունաստանից հետո ամենախոշոր պարտքի կրողն է, իսկ համաճարկը պարտքերի մարման գործում հավելյալ բեռ է ստեղծել:

Իրանի տնտեսության միկրոմակարդակում պետության փակ և ավտորիտար բնույթի պատճառով ավելի քիչ բաներ են հայտնի: Ընդհանուր առմամբ հայտնի է, որ Իրանի ոչ նավթային ապրանքների արտահանումը լուրջ նվազում է ապրել, ինչը պայմանավորված է հարևան պետությունների կողմից սահմանների ժամանակավոր փակմամբ: Իրանական ռիալը դոլարի նկատմամբ շուրջ տաս տոկոսով արժեզրկվել է:

Սակայն որոշների պնդմամբ Իրանում այս ճգնաժամը տնտեսության վրա նաև կողմնակի դրական ազդեցություն ունի. նովռուզին ընդառաջ Իրանի ժողովրդի կողմից ճանապարհորդությունների թվի անկումն ու արարողակարգային ծախսերի նվազեցումը, չնայած՝ արդեն վնասել է և շարունակելու է վնասներ հասցնել որոշ ընկերությունների գործունեությանը, սակայն տեսակետ կա, որ երկարաժամկետ առումով այն կարող է տնտեսության համար գումարների խնայողություն լինել: ԱՄՆ-ն, որի տարեկան տնտեսական արդյունքը համաշխարհայինի մոտ մեկ քարորդն է, դեռևս նկատելի տնտեսական վնասներ չի կրել: Միակ տեսանելի երևույթը ֆոնդային բորսայում առկա ֆինանսական տատանումներն են, որն էլ, ըստ ամերիկյան Տնտեսական քաղաքականության ինստիտուտի փորձագետ Ռոբերտ Սկոտի, բնական և նորմալ երևույթ է, որովհետև արժեթղթերի շուկայում մարդիկ հակված են վտանգներին պետք եղածից ավելի բուռն արձագանքել: Այս համեմատաբար խաղաղ վիճակը պայմանավորված է վարակի ոչ շատ տարածված լինելով։ Իսկ թե հետագայում ինչ տնտեսական վնասներ կլինեն, մասնագետները չեն շտապում հստակ կանխատեսումներ կատարել, որովհետև այն կախված է վարակի տարածման աստիճանից:

Հեղինակ՝ Խոսրով Սեդրակյան

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ