Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է հետևյալը.
«Սիրո և հանդուրժողականության հեղափոխություն» կոչվածը այդպես էլ մնաց իրականության հետ աղերս չունեցող բառախաղ՝ ոչնչով չնպաստելով կուտակված խնդիրների լուծմանը։
Ավելին՝ «Վենդետա չի լինելու» կարգախոսի ներքո, իշխանությունը առաջնորդվում է ոչ թե օրենքի տառով, այլ մանր քինախնդրությամբ ու հիշաչարությամբ: Սեփական վարկանիշի պահպանմանն ուղղված քայլերը նմանվում են չստացված բեմադրության, որի միակ նպատակը հակահերոս գտնելն է։
Ամիսներ շարունակ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի գործունեության հետ կապված իրականացվում են քննչական գործողություններ՝ այդպես էլ չտալով «ինչ-որ բան գտնելու» որևէ արդյունք։
Որպես ասվածի ապացույց՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը Միհրան Պողոսյանի գործով ստուգումների արդյունքում էական ոչինչ չհայտնաբերելով՝ իր մտերիմ շրջապատում բառացի ասել է հետևյալը․ «Պողոսյանի մասով որևէ բան չկա, բայց դե հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում շեֆի հետ լավ չի խոսել»։ Այսինքն, Նիկոլ Փաշինյանին իրականությունը բացարձակապես չի հուզում։
Հաջորդը՝ Միհրան Պողոսյանը բազմիցս հայտարարել է իր պատրաստակամությունը համագործակցել քննչական մարմինների հետ՝ ինչը փաստել է նաև ՀՔԾ-ն։ Այդ դեպքում ինչո՞ւ է մերժվել վկայի կարգավիճակ ունեցող պրն Պողոսյանի առաջարկը՝ բոլոր հարցերին տեսակապի միջոցով պատասխանել ՀՀ դեսպանատանը։
Ընդգծենք՝ նման նախադեպ կա՛։ Այն կիրառվել է քննչական և դատավարական բազմաթիվ գործընթացների շրջանակներում (Տես` կից փաստաթուղթը): Եթե նպատակը՝ բացատրություն ստանալն է, ապա ինչո՞ւ իրվապահ մարմինները չեն անում դա: Կարծում ենք պատասխանը, ավելի քան, ակնհայտ է՝ նպատակը այլ է։
Սույնով հայտարարում ենք, որ Միհրան Պողոսյանը չի պատրաստվում այդ շոուների մասնակիցը լինել՝ որոնց նպատակը շինծու մեղադրանքների միջոցով արհեստական դիվիդենտներ շահելն է։
Միհրան Պողոսյանը, ինչպես որ 2018թ․ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հայտարեց, որ վախեցողները վաղուց վախեցել են, նույնը կրկնում է այսօր։ Նույնիսկ այն պարագայում, երբ ուժային կառույներին հրապարակավ ուղղորդում են։
Մասնավորապես, նշված դեպքերի հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պրն Պողոսյանին առնչվող հերթական բեմականցված հարցին՝ ԱԺ ամբիոնից բացահայտ ուղղորդեց ուժայիններին՝ հայտարարելով, թե «Չե՛ք կատարել
իմ այն հրահանգը, որ մարդկանց պետք է պառկեցնել ասֆալտին»։ Վերահաստատում ենք Միհրան Պողոսյանի արձագանքը՝ «Փռվողը՝ թո՛ղ փռվի։ Ես իմ իրավունքները շատ լավ գիտեմ»։
Այսօր մի կողմ դնելով Հայաստանի զարգացումն ապահովելու և արտաքին լրջագույն մարտահրավերներին դիմագրավելու խնդիրները՝ իշխանությունը շարունակում է կեղծ օրակարգերով ու անհաջող տեսարաններով զբաղեցնել հասարակությանը։
Կորսված էյֆորիան կվերականգնվի միայն ազնիվ փոխըմբռնումով․ վայր դրե՛ք արհեստական ասպետությունը»։
Նշենք, որ ՀՔԾ-ում քննվող Միհրան Պողոսյանին առնչվող օֆշորային գործի շրջանակներում Միհրան Պողոսյանը հրավիրվել էր հարցաքննության, սակայն արտերկրում լինելու պատճառով չէր ներկայացել հարցաքննության։ Նա առաջարկել էր նախաքննական մարմնին հարցաքննությունն անցկացնել տեսակապով, սակայն ՀՔԾ-ն մերժել էր՝ պատճառաբանելով որ քրեական դատավարության օրսնեդրությամբ նման բան նախատեսված չէ։ Այդուհանդերձ, օրերս ՀՔԾ-ն տեղեկացրել էր, որ Միհրան Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել առաջիկայում ներկայանալ նախաքննական մարմին և պատասխանել քննիչի հարցերին։