Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին պատրաստ է զիջել ինքնահռչակ կազմավորման տարածքի մի մասը հանուն Բելգրադի հետ վերջնական համաձայնության: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում, փոխանցում է Կոսովոյի «Gazeta express» թերթը:
«Եթե սահմանի փոքր շտկումը վերջնական համաձայնության գինն է, դա պետք է ընդունելի լինի»,- հայտարարել է Թաչին:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Կոսովոյի հյուսիսի ամենակարևոր օբյեկտները՝ Կոսովսկա Միտրովիցա քաղաքի հյուսիսային մասը, Գազիվոդե ջրամբարն՝ էլեկտրակայանով և Տրեպչա հանքահարստացուցիչ կոմբինատը, կլինեն ալբանական, և դա չի քննարկվում:
Թաչին նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը «պատրաստ է ընդունելու այն համաձայնությունը, որին կհասնեն» կողմերը:
Ըստ որում չճանաչված հանրապետության ղեկավարը չի թաքցնում, որ համաձայնության գլխավոր նպատակը Բելգրադի կողմից Պրիշտինայի պաշտոնական ճանաչումն է և դրանից հետո Կոսովոյի անդամակցումը ՄԱԿ-ին:
Նա նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին համակողմանի աջացության համար և հավաստիացրել է, որ «չի ընդունի այն համաձայնությունը, որն ընդունելի չլինի Վաշինգտոնի համար»:
