ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այսօր միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ տարածքը հատած ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ։
«Ժամը 15.00-ի սահմաններում մի քանի տասնյակ կրակոց է արձակվել, ենթադրաբար՝ օդ, ինչից հետո հայկական ստորաբաժանումները նախազգուշացնող կրակ են բացել։
Ադրբեջանցի զինվորականների հրամանատարը կապ է հաստատել հայկական ստորաբաժանման հրամանատարի հետ, խնդրել դադարեցնել կրակը, ներողություն խնդրել եւ հայտնել, որ կրակոցները պատահականության արդյունք են։
ՀՀ զինված ուժերը նախազգուշացնում է, որ նմանօրինակ միջադեպերի կրկնությունը կդիտարկվի որպես առճակատման գնալու միտումնավոր փորձ եւ կհանգեցնի հայկական կողմի համապատասխան գործողություններին»,- ասված է հաղորդագրությունում։