Ղրղզստանի նախագահը՝ միջազգային հարթակում ԵԱՏՄ-ի վերաբերյալ դրական պատկերացում ձևավորելու մասին

Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի անդամները նեղ կազմով նիստի ընթացքում անդրադարձել են միջազգային հարթակում միության վերաբերյալ դրական կարծիքի ձևավորման հարցին: Այս մասին հոկտեմբերի 1-ին Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի ընթացքում ասաց Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը:

«Նեղ կազմով նիստի ընթացքում մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկել, որոնցից մեկը միջազգային հարթակում միության վերաբերյալ դրական պատկերացում ձևավորելու արդիական հարցն է: Այսօր ընդլայնված կազմով նիստին մասնակցում են Սինգապուրի և Իրանի մեր գործընկերները: Մեր կառույցը ցույց է տվել, որ միշտ բաց է առևտրատնտեսական համագործակցության համար: Մեր կառավարությունները պետք է քայլեր ձեռնարկեն նաև ներքին շուկայում արգելքների վերացման համար»,-ասաց Ժեենբեկովը:

Ղրղզստանի Հանրապետության նախագահը նշեց, որ 5 տարվա ընթացքում իրենք միասնական մաքսային տարածք են ստեղծել, որը դարձել է հզոր ինտեգրացիոն միություն:

Սոորոնբայ Ժեենբեկովը Հայաստանի ժողովրդին խաղաղություն մաղթեց և շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ջերմ հյուրընկալության համար:

Ամենաթարմ