Ղրղզստանը իրավակարգը պահպանելու համար միլիցիայի լրացուցիչ ուժեր է ուղարկել Տաջիկստանի հետ սահմանի շրջան, որտեղ տեղի են ունեցել բախումներ երկու երկրների բնակիչների միջև, ասել է հանրապետության նախագահ Սոորոնբոյ Ժեենբեկովը Բաթկենի շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է TACC-ը։
«Այսօրվա դրությամբ շնորհիվ տաջիկական կողմի հետ համատեղ ձեռնարկված միջոցների իրավիճակը կայունացել է։ Բաթկենի շրջան են ուղարկվել ներքին գործերի մարմինների և Պետական սահմանապահ ծառայության լրացուցիչ ուժեր։ Այժմ պարեկային աշխատանքը սահմանին կկատարվի մշտապես»,- նախագահին մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, ավելացել է զինծառայողների և իրավապահ մարմինների աշխատակիցների թվաքանակը սահմամամերձ գյուղերի տարածքում։
Ըստ Ժեենբեկովի՝ ներկայիս իրավիճակը Տաջիկստանի հետ սահմանին լիովին նրա հսկողության ներքո է։
«Ներկայումս մենք ակտիվորեն աշխատում ենք բոլոր հարցերը լուծելու ուղղությամբ, որոնք վերաբերում են սահմանին։ Ես, կառավարության ղեկավարները, մշտապես բանակցում ենք Տաջիկստանի ղեկավարության հետ»,- նշել է պետության ղեկավարը։
«Մենք պետք է ձգտենք պահպանել և ամրապնդել լավ հարաբերությունները հարևան երկրի հետ, կոնֆլիկտները միայն վնաս կբերեն, կլինենք համբերատար և զուսպ։ Մենք կլուծենք բոլոր հարցերը, միայն ժամանակ է պետք»,- խոստացել է Ղրղզստանի նախագահը։
Ղրղզստանի և Տաջիկստանի բնակիչների միջև բախումները սահմանամերձ ղրղզական Աքսայ գյուղում և տաջիկական Վորուխ անկլավում սկսվել են հուլիսի 22-ին և շարունակվել մեկ օր։ Պատճառը վիճելի տարածքի կողմերից մեկում դրոշաձողի տեղադրումն էր։ Դիմակայության ժամանակ մասնակիցները կիրառել են հրազեն, քարեր և փայտեր։ Ընդհանուր առմամբ կոնֆլիկտի ժամանակ զոհվել է մեկ մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել է, այդ թվում սահմանապահներ և միլիցիայի աշխատակիցներ։ Ղրղզստանն անվտանգության նկատառումներով ստիպված էր Աքսայից դուրս բերել ավելի քան 600 մարդ, հիմնականում կանայք, երեխաներ և ծերեր։ Ներկայում նրանք բոլորը վեադարձել են տուն։
Ղրղզստանի և Տաջիկստանի միջև սահմանի երկարությունը 970 կիլոմետր է։ Խորհրդային Միության փլուզումից հետո դրա երկայնքով գոյացել են մոտ 70 վիճելի տեղամասեր, որոնք պարբերաբար դարձել են կոնֆլիկտների առաջացման պատճառ երկու հանրապետությունների բնակիչների և զինծառայողների միջև, այդ թվում և հրազենի օգտագործմամբ։ Մոտ երեք տարի առաջ Բիշքեկը և Դուշանբեն պայմանավորվել են ակտիվացնել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Ներկա պահին հաջողվել է պայմանավորվել մոտ 600 կիլոմետրի սահմանագծման մասին։