Կառավարության լարատվական ծառայությունը հայտնել է, որ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարությունը հավանություն է տվել Էդուարդ Օհանյանի կողմից ներկայացված ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում Արդյունաբերական ջերմոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրին:
Խոշոր ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով համաձայնություն կտրվի Սևան համայնքում 51.41468 հա համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերը համայնքապետարանի կողմից ուղղակի վաճառքով Էդուարդ Օհանյանին օտարելուն: Էդուարդ Օհանյանի կողմից հիմնադրված «Գրին սոլուշնս» ՍՊԸ ցանկություն է հայտնել համայնքում իրականացնել առնվազն 48 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումային ծրագիր։
Ստեղծվելու են 400-450 նոր աշխատատեղեր։
Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այս գործարքից ընդհանուր առմամբ համայնքային բյուջե 22 մլն դրամ մուտք կարվի: «Ծրագիրն իրականացվելու է 115 հա տարածքի վրա. նախատեսվում է կառուցել 45 հա ընդհանուր տարածքով ջերմոցային խոշոր համալիր և 2,7 հա մակերեով արդյունաբերական տնկարան: Մյուս տարածքները կծառայեն ենթակառուցվածքների համար: Շինարարության աշխատանքների համար նախատեսված է 60 ամիս ժամկետ: Վերջնական արդյունքում տարեկան կարտադրվի մոտ 12 հազար տոննա բանջարեղեն, որի 80 տոկոսը նախատեսվում է արտահանել»,-ասել է նախարարը:
- Կառավարությունը Հյուսիս-հարավը վերաձևակերպել է որպես՝ Հյուսիս-հարավ-Արևելք-Արևմուտք․ Փաշինյան
- Կառավարությունը շահագրգռված է ճապոնական ներդրումների ներգրավմամբ․ Փաշինյանը՝ Ճապոնիայի դեսպանին
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բոլոր նման ներդրումային ծրագրերի համար արհեստական խոչընդոտներ չստեղծելու կարևորությունը. «Ես ուզում եմ հետևյալ հանձնարարականը տալ. երբ դե յուրե որոշումները կայացված են, ապա հետագայում պետք է հոգ տանել, որ բուն ծրագրի իրականացման ճանապարհին, հաջորդ օղակներում արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, և ծրագիրը բնականոն ընթացքով առաջ գնա: Իհարկե, երբեմն մենք տեսնում ենք նաև օբյեկտիվ համակարգային խնդիրներ, որոնց լուծմամբ պետք է զբաղվենք:
Բայց ընդհանուր առմամբ մեր ուղերձը կառավարման բոլոր օղակներին պետք է լինի այն, որ ներդրումային ծրագրերի բնականոն ընթացքը որևէ կերպ չխոչընդոտվի: Սա կարևոր է նաև կառավարության համար, որովհետև մենք շատ հավակնոտ տնտեսական աճի ցուցանիշներ ենք մեր առջև դրել, իսկ այդ տնտեսական աճի հիմնական մասը մասնավոր հատվածն է ապահովում:
Հետևաբար պետք է ամեն ինչ անել, որ պետական և մասնավոր ներդրումային ծրագրերն արհեստական խոչընդոտների չհանդիպեն: Սա նույնքան կարևոր աշխատանք է, որքան դե յուրե որոշումներ կայացնելը: Այդ ազդակները պետք է ստանալ, արագ արձագանքել դրանց՝ բյուրոկրատական, արհեստական քաշքշուկներից, հնարավոր կոռուպցիոն խոչընդոտներից մարդկանց ազատելու համար»:
Գործադիրը բավարարել է «Արարատ» սննդի կոմբինատ ՍՊԸ-ի հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: 2001 թ.-ին Երևանում հիմնադրված ընկերությունը ներմուծվող հումքն օգտագործելու է մրգահյութերի և պահածոների արտադրության համար:
Ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 22 մլրդ դրամի ներդրում, ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 488 մլն դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 65 նոր աշխատատեղ` մինչև 96,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի 80 և ավելի տոկոսը նախատեսվում է արտահանել:Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 14.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.4 մլրդ դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ «Հայք-21» ՍՊԸ-ն կներառվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունը նախատեսում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալել բարձր և նորարարական տեխնոլոգիաների, մասնավորապես՝ շարժիչային յուղերի և քսանյութերի արտադրության ոլորտում։ Ծրագրի շրջանակում՝ 2022-2026 թթ. իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 980,000 հազ. դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 30 նոր աշխատատեղ` շուրջ 250 հազ. դրամից մինչև 350 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով: Ընկերությունն ունենալու է մոտ 2,000 քմ արտադրական տարածք ազատ տնտեսական գոտում»,- ասվում է հաղորդագրության մեջ: