Մենք հնարավորություն ենք ընձեռել ՀՀ քաղաքացուն, որ ինքը որոշի, թե ինչ ընթացք է ուզում ստանալ մեր երկիրը, սկսած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից, այդ իրավունքը ինքը ձեռք է բերել: Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» շտաբի զեկավար Սուրեն Պապիկյանը։
«Չկա առավել ժողովրդավարական պրոցես, քան կարող է լինել հանրաքվեն»,-հավելեց նա:
Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հետ համեմատական անցկացնելուն, որը նախկինում շտաբի ղեկավար էր լինում ընտրությունների ընթացքում, Սուրեն Պապիկյանն խնդրեց իրեն չհամեմատել Հովիկ Աբրահամյանի հետ։
«Ես որևէ համեմատության եզր չեմ տեսնում, բացի զբաղեցրած պաշտոնը, ավելին ասեմ՝ ի տարբերություն ձեր նշածի, ես հանդիսանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը: Ես որևէ քայլ կամ արարք թույլ չեմ տվել, որպեսզի որևէ կերպ ինձ կապեն վարչական ռեսուրս չարաշահելու, կամ նմանատիպ այլ բաների հետ:
Որևէ մեկը թող իշխանությանը արջի ծառայություն չմատուցի, կլինի գյուղապետ, քաղաքապետ, թաղային հեղինակություն, մենք դրա կարիքը չունենք»,-ասաց նա։
Պապիկյանը նաև նշեց, որ ՀՀ քաղաքացուն ընձեռած հնարավորությունը, իրավունքը որևէ կերպ չի կարող փոխակերպվել պարտադրանքի:
«Սա մեր որդեգրած սկզբունքն է, հավատամքն է, որից մենք չենք հրաժարվելու: Մենք պետք է գնանք, մարդկանց հետ զրուցենք, ու ասենք՝ այս պրոցեսը շատ կարևոր է, մենք չենք խուսափում մեր ժողովրդի հետ խոսելուց»,-ասաց նա: