Մարոկկոյի Խուրիբգա քաղաքում ավարտվել է Աֆրիկյան կինոյի 26-րդ միջազգային կինոփառատոնը (FICAK), որի գլխավոր մրցանակին՝ «Ուսման Սեմբենե» անվան Գրան-պրիին, արժանացել է թունիսցի ռեժիսոր Քաութեր Բեն Հանիայի «Հինդ Ռաջաբի ձայնը» (La Voix de Hind Rajab) ֆիլմը։
Այս տարվա փառատոնը կրում էր «Սթրիմինգի և երազանքի միջև. աֆրիկյան երկընտրանքը» խորագիրը։ Ժյուրիի կողմից մրցանակները բաշխվել են տարբեր երկրների կինեմատոգրաֆիստների միջև՝ ընդգծելով մայրցամաքի կինոարտադրության բազմազանությունը։ «Նուրեդին Սաիլ» անվան ժյուրիի մրցանակը շնորհվել է եգիպտական «Բնակավայրը» (The Settlement) ֆիլմին (ռեժիսոր՝ Մոհամեդ Ռաշադ), իսկ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար «Իդրիսա Ուեդրաոգոյի» անվան մրցանակը ստացել է մարոկկացի Ալի Բենջելունը՝ «Գունդաֆա, անիծված երգը» ֆիլմի համար։
Դերասանական անվանակարգերում լավագույն կանացի դերակատարման համար մրցանակը ստացել է Միշել Լեմույա Իկենին («Nawi dear future me»), իսկ լավագույն տղամարդու դերակատարման համար՝ Յունես Բուաբը («L’Héritier des secrets»)։ Սցենարային աշխատանքի համար «Սամիր Ֆարիդի» անվան մրցանակին արժանացել է Նիկոլաս Սավոլո Սիսեն՝ «Մանգոյի ծառի հիշողությունը» ֆիլմի համար։
Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում «Նաջիբ Այեդ» Գրան-պրին շնորհվել է մարոկկացի Տարիկ Ռազմիի «Մեկ այլ վերջ» (Another End) ֆիլմին։ Փառատոնի փակման արարողության ժամանակ հարգանքի տուրք է մատուցվել կամերունցի ռեժիսոր, «Écrans Noirs»-ի հիմնադիր Բասեկ Բա Կոբիոյի հիշատակին։ Կազմակերպիչները դեռևս մանրամասն պարզաբանումներ չեն ներկայացրել գլխավոր մրցանակակիր ֆիլմի ընտրության չափանիշների վերաբերյալ։

