Ավստրիայի արտաքին գործերի նախարարը Վիեննայում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շրջափակմանը պետք է վերջ դրվի:
Ավստրիայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Ալեքսանդր Շալենբերգը, ընդգծելով, որ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը մտահոգիչ է, ասել է. «Դեռ շատ բաց հարցեր կան, որոնք պետք է քննարկվեն: Դրանց թվում կա մեկ մարդասիրական խնդիր, որը մեզ մեծ անհանգստություն է պատճառում. դա Լաչինի միջանցքի շրջափակումն է: Դրան պետք է վերջ դրվի»:
Հիշատակելով վերջերս ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցությունները՝ Ավստրիայի ԱԳՆ-ն շեշտել է, որ դրանք լարվածությունը թուլացնելու հույսեր են արթնացրել։ Նշվում է նաև, որ Ավստրիան հաստատակամորեն հանդես է եկել Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելություն տեղակայելու օգտին՝ աջակցելու կայունության ու անվտանգության հաստատմանը։
Ավստրիայի գլխավոր դիվանագետն ասել է նաև, որ Վիեննան պատրաստ է լինել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների վայր։