Ազգային ժողովի նախկին նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը գտնում է, որ գործող իշխանությունները պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անեն և այդպիսով իրենց կադրային խնդիրները լուծեն։ Այս մասին նա նշել է A1plus.am-ին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով՝ խորհրդարանի կազմը և իշխանության մեջ գտնվող այլ պաշտոնյաներ փորձառու չեն։
«Ամոթ է, մեր երկիրը չպետք է այսպիսի Ազգային ժողով ունենա։ Լավ կլիներ, այսօր գոնե Շմայսը այնտեղ լիներ, խորհրդարան կդառնար»,-ասում է նա։
Անդրադառնալով իրենց իշխանության տարիներին պաշտոնյաների կոռումպացված լինելու թեմային՝ ասում է, թե «մեր կուսակցությունից ով փող էր սիրում, հիմա Նիկոլ Փաշինյանին է ծառայում»։ Իսկ արդյոք նախկին նախագահ Սերժ Սարգսյանը կգնա՞ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, եթե անհրաժեշտության դեպքում նրան հրավիրեն։
«Եթե պետական օղակ է կանչելու, Սերժ Սարգսյանը գնալու է»,-պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը։
Գ․Սահակյանը նաև կարծում է, որ ԼՂՀ հակամարտության դեպքում իշխանությունները լավ չեն բանակցում։
«Ղարաբաղը ձեռքից ձեռք է գնացել, ղարաբաղյան պայմանավորվածություններն էլ չկան»,-ասում է նա։
Աղբյուրը՝ A1plus.am
