Հայաստանի Ազգային հավաքականը Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրում տանը 1-3 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականին:
Խաղից հետո մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հանդիպեց լրագրողներին:
Խաղի մասին
– Առաջին 20 րոպեներին լավ սկսեցինք, պրեսինգ արեցինք, հետո խաղի վերահսկողությունը կորցրինք:
Իտալիան ամբողջովին սկսեց ճնշում գործադրել, գոլ բաց թողեցինք: Երկրորդ խաղակեսում կորցնելու բան չունեինք:
Տղաները շատ աշխատեցին: Հանդերձարանում շնորհակալություն հայտնեցի աշխատանքի համար: Երկրորդ խաղակեսի առաջին 25 րոպեներին էլ փորձեցինք ֆուտբոլ խաղալ, ստացվեց, բայց պարտվեցինք:
Էմոցիաների ու բախման մասին
– Ֆուտբոլն էմոցիոնալ խաղ է, բոլոր խաղերն էլ այդպես են լինում: Չեմ ասի, թե շատ էմոցոնալ էր: Մի դրվագ եղավ: Դա նորմալ է: Երկու թիմերն էլ ուզում էին հաղթել:
Կարմիր քարտի մասին
– Մեր դիրքից այդքան էլ լավ չերևաց դրվագը Ալեքսանդր Կարապետյանի խախտումը:
Կամո Հովհաննիսյանի մասին
– Փորձում էինք ոչ թե Կամոյին փոխել, նույնիսկ նրան հարցրինք, հրաժարվեց, դեռ ուժ ուներ: Ճիշտ է՝ վնասվածք ստացավ, բայց շարունակեց խաղալ: Ուզում էինք առջևում ավելացնել, դրա համար Գևորգ Ղազարյանի փոխարեն Էդգար Բաբայանին դուրս բերեցինք:
Բոսնիայի դեմ խաղին վերականգնվել հասցնելու մասին
– Կփորձենք: Մեր բժիշկներն ու տղաները պրոֆեսիոնալ են: Բոլորն էլ նույն վիճակում են: Իսկ կհասցնենք վերականգնվել, թե չէ, ցույց կտա խաղը:
Արտակ Գրիգորյան VS Գոռ Մալաքյան
– Եթե-ներով չեմ ուզում խոսել: Գտնում եմ, որ Արտակ Գրիգորյանը վատ չխաղաց: Ես գոհ եմ նրա խաղից: Իսկ Գոռ Մալաքյանի մասին արդեն խոսել եմ:
Հավաքականի խաղում փոփոխություն նկատելու մասին
– Դժվար է միանգամից այդ փոփոխությունները նկատելը: Տղաների մոտ տեսնում եմ մեծ ցանկություն, փորձում ենք ագրեսիվ ֆուտբոլ խաղալ: Դեռ ստացվում է այսքանը:
Սարգիս Ադամյանի խաղային ճիշտ դիրքը գտնելու մասին
– Սարգիս Ադամյանը հավաքականում խաղում է նույն դիրքում, ինչ իր թիմում: Այսօրվա խաղում Սարգիսը լավագույններից մեկն էր, իմ կարծիքով:
Դարպասապահի ընտրության մասին
– Հիմա հեշտ է դրա մասին խոսելը: Առաջին խաղակեսում Արամ Հայրապետյանը երկու-երեք դրվագում փրկեց թիմին: Երկրորդ խաղում նույնպես փրկեց: Ճիշտ է՝ բաց թողած գոլերում իր մեղքն էլ կար: Մեկ խաղով չի որոշվում: Չեմ ափսոսում, որ նրան էինք ընտրել:
Աղբյուրը՝ armsport.am