ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հոկտեմբերի 8-ին կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ հոկտեմբերի 11-13-ը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, սակայն նրանց ուշադրության կենտրոնում կլինի Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված բարդ իրավիճակը:
«Ռուսաստանը ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, հետևողականորեն շարունակում է ակտիվ միջնորդական ջանքերը՝ մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և բանակցային գործընթաց սկսելու համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ասել է Մարիա Զախարովան:
Զախարովան հույս է հայտնել, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնական այցը Մոսկվա լրացուցիչ խթան կհանդիսանա ռուս-հայկական փոխշահավետ համագործակցության համար և կնպաստի Անդրկովկասում անվտանգության և կայունության ամրապնդմանը:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին հոկտեմբերի 9-ին Երևանում նախատեսվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի մասին՝ Զախարովան հայտնել է, որ նիստը նախապես ծրագրված է եղել, և այնտեղ քննարկելու են այնպիսի հարցեր, որոնց հետաձգումը նպատակահարմար չէ:
Զախարովան հայտնել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը նիստի օրակարգում ներառված չէ:
https://www.youtube.com/watch?v=8UMADGKTJ1I&feature=emb_logo