Երիտասարդ ու տաղանդավոր նկարչուհի Լիլիթ Տոնականյանը ծննդով Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է։ 2009 թվականին Լիլիթն ավարտել է Արթիկի գեղարվեստի դպրոցը, իսկ 2016-ին՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարչության բաժինը։ Նկարչուհին այժմ աշխատում է Փանիկ գյուղի արվեստի դպրոցում՝ որպես նկարչության ուսուցչուհի։
Լիլիթն, արդեն իսկ, ունեցել է 6 անհատական ցուցահանդեսներ՝ մեկը հայրենի քաղաք Արթիկում, երկուսը՝ Գյումրիում, երեքն էլ՝ մայրաքաղաք Երևանում։ Երիտասարդ նկարչուհու կտավներում գերակշռում են երփներանգ ու վառ ծաղիկները։
-Քանի՞ տարեկանից ես սկսել նկարել: Ինչպե՞ս բացահայտեցիր քո մեջ նկարելու տաղանդը:
– Վեց տարեկանից սկսել եմ նկարել: Երբ սկսեցի հաճախել դպրոց գրքերից արտանկարներ էի անում տետրիս մեջ: Մայրս նկատեց ու շատ ոգևորեց ինձ, միշտ ասում էր, որ ինձ մոտ շատ լավ է ստացվում նկարելը: Այդպես մայրս ինձ տարավ նկարչական դպրոց: Նա էլ է հաճախել նկարչության, բայց կիսատ է թողել: Ասում են` ծնողները իրենց անկատար երազանքերը երեխաների մեջ են տեսնում:
-Ո ՞ ր գործդ է, որ առաջին անգամ քեզ հաջողություն է բերել:
-7-8 տարեկան էի, հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառման համար փոքրիկները հավաքվել էին Արթիկի հրապարակում: Պետք է կավիճով գետնի վրա նկարեինք` ինչ ցանկանում էինք: Այդ ժամանակ մամայիս ու մի քանի բարեկամների հետ գնացել էինք, այդքան լավ չեմ հիշում՝ ինչ էի նկարել, կարծեմ` կենդանիներ։ Նկարելու ընթացքում ժյուրիի անդամները մոտենում ու նայում էին: Հիշում եմ մայրս շատ անհանգիստ էր, մտածում էր` այսքան երեխաների մեջ տեսնես իմ երեխայի նկարը կհավանեն: Մեկ էլ որոշ ժամանակ անց հայտարարեցին հաղթողի անունը` Տոնականյան Լիլիթ: Հիշում եմ` մայրս շատ էր ուրախացել: Գնացի առաջին մրցանակս վերցրի` նկարչական իրեր էին: Շատ էի տպավորվել ու ոգևորվել:
-Հիմնականում ծաղիկներ ես նկարում, ինչո՞ւ հենց ծաղիկներ երբվանի՞ց ես ընտրել այս ուղղվածությունը:
Բացի ծաղիկներից նկարում եմ նաև աբստրակտ ոճի նկարներ` աղջիկների կերպարով նկարներ, բնապատկերներ: Բայց նկարներումս գերակշռում են ծաղիկներ, դրանք այնքան նուրբ ու գեղեցիկ են: Ու եթե նայես նկարներս երբեք ոչ մի ծաղիկ երկրորդ անգամ նույն ձևով չես տեսնի: Շատ եմ սիրում իմպրեսիոնիստական ոճը, ոգեշնչվում եմ արտասահմանցի նկարիչներից ու ինքս ստեղծագործում: Իմ նկարներում ծաղիկները երբեք չեն թառամում, հենց դա էլ իմ նկարների յուրահատկությունն է: Միշտ ձգտել եմ կտավներումս նկարել մեր Շիրակի դաշտավայրը` սարերով, դաշտերով ու ծաղիկներով: Ուզում եմ իմ արվեստի միջոցով մարդկանց ծանոթացնել իմ հայրենի քաղաքի` Արթիկի հետ, որ մարդիկ իմանան` Շիրակում բացի Գյումրիից կա նաև Արթիկ քաղաքը:
– Նկարների վրա բացի վրձիններից հիմնականում աշխատում ես ձեռքերով: Ինչո՞ւ, ո՞րն է գաղտնիքը:
– Ընդհանուր առմամբ վրձիններ միշտ էլ օգտագործել եմ, բայց այս վերջերս` չէ: Ես ձեռքերով տրվում եմ նկարին, մատների ու կտավի հպմամբ զգում եմ ողջ դրաման: Երբ ավելի շատ ձեռքերով ես նկարում, կարծես խոսես կտավիդ հետ, զգում ես նրան: Անկեղծ նկարչությունդ հենց այդտեղից է սկսվում,երբ հոգով ու մարմնով տրվում ես նկարին: Կարծում եմ դա դիմացինի համար ավելի համոզիչ է, ու ինքը զգում է այն ապրումները ինչ-որ դու ես հաղորդել: Ինձ համար վրձինը կարծես ուղղակի ծավալներ ծածկելու համար լինի:
– Ստեղծագործելու համար կա՞ հատուկ հոգեվիճակ:
-Տխուր, թե ուրախ պահերին միշտ էլ նկարելու ընթացքում ես հանգստանում եմ: Իմ հոգու էներգիան փոխվում է, հոգեվիճակս էլ լրիվ արտահայտվում է նկարում: Անչափ կարևոր է ինձ համար` ինչքան դրական ու պարզ գույներով նկարեմ, այնքան կտավս ավելի գեղեցիկ կստացվի: Իսկ իմ գույները գալիս են Շիրակի դաշտավայրից, վառ են ու տրամադրող:
-Կա՞ նկարիչ հայ կամ արտասահմանցի, ումից ոգեշնչվում ես:
-Մարտիրոս Սարյանի գործերից, որովհետև ինքն էլ սարեր ու դաշտեր է նկարել, ինչը ես շատ-շատ եմ սիրում: Վինսենթ վան Գոգին եմ շատ սիրում` իր արևածաղիկները: Ու հետաքրքիր է Երևանում էլ ինձ ճանաչում են իմ ծաղիկներով: Կտավներս տեսնելիս մարդիկ ասում են` հաստատ Շիրակի մարզից այն աղջիկն է նկարել: Մարդիկ իմ նկրաները ճանաչում են նաև դրական ու վառ էներգիայով:
-Քանի՞ անհատական և խմբակային ցուցահանդես ես ունեցել, ո՞րն է եղել առաջինը:
– Առաջին ցուցահանդեսս, բնականաբար, իմ հայրենի Արթիկում է եղել` մշակույթի տանը: Հայաստանում և հայրենիքից դուրս ունեցել եմ խմբակային բազմաթիվ ցուցահանդեներ, իսկ անհատական թվով արդեն 6-րդ ցուցահնադեսս էր` մեկը հայրենի քաղաք Արթիկում, երկուսը՝ Գյումրիում, երեքն էլ՝ մայրաքաղաք Երևանում։
– Ցուցահնադեսների ժամանակ, ո՞ր նկրաներդ ես ներկացանում , կա ինչ-որ առանձնահատկություն, որ սահմանել ես:
– Այն ինչ որ աչքին գեղեցիկ է , երբեմն ոչ բոլորն են հասկանում: Ցուցահանդեսների ժամանակ ներկայացնում եմ գրագետ` ակադեմիական ոճով նկարված աշխատանքներս, քանի որ դրանք հանձնում եմ մասնագետների դատին: Օրինակ, երբ Նկարիչների միությունում ցուցահանդես ունեցա, ներկայացրել էի 70 լավագույն գործերս: Ես նույնը գործը տարբեր ցուցահանդեսի ժամանակ չեմ ներկայացնում, միշտ նոր գործեր եմ ցուցադրում: Նկարների մատուցման ձևից ևս շատ բան է կախված` սկսած շրջանակից: Ամեն ցուցահանդեսից առաջ մոտ 2-3 ամիս պատրաստվում եմ, հյուրեր, հրավիրատոմսեր, ամեն դետալին ուշադրություն եմ դարձնում: Ինձ միշտ հարցնում են, թե այս տարիքում ինչպես եմ հասցրել այսքան բան արել, ասում եմ, եթե մարդ սեր ունի իր գործի հանդեպ երբեք չի հանձնվի ու չի կոտրվի: Ես հնարավոր է ամեն օր նկարեմ , մենակ թե նյութերի, պարագաների խնդիր չունենամ, ես անվերջ կարող եմ ստեղծագործել…
– Ովքե՞ր են նկարներիդ գնորդները, դժվա՞ր է նկարչի համար մշտապես ֆինանսապես կայուն վիճակ ունենալ:
– Հայաստանի պայմաններում բնական է , որ մի փոքր դժվար է: Գնորդներս հիմնականում արտասահմանից են: Մեծամասմբ նկարներս վաճառվում են ԱՄՆ-ում` Լոս Անջելեսում, Գլենդելում, Ռուսաստանում, Հունաստանում, վերջերս նաև` Ավստրիայում : Ինձ համար ոչ թե խնդիրը նկարի արժեքն է, այլ այն, որ գնորդը իրապես հավանել է ու ցանկանում է իմ գործերից իր տանն ուենանալ: Երբ նկարս վաճառվում է և ուղարկում եմ արտերկիր, խնդրում եմ` որ կախելուց հետո նկարեն, ուղարկեն: Նույնիսկ Facebook-յան էջումս ունեմ ալբոմ` «Աշխատանքս գտավ իր բնակարանը», որտեղ տեղադրում եմ գնորդներիս ուղարկած լուսանկարները:
– Հե՞շտ ես բաժանվում նկարներիցդ:
-Այդքան էլ չէ, սկզբից երբ նկարում էի, չէի մտածում` այդ նկարը կարող վաճառվել: Բայց երբ տեսնում եմ, որ դիմացինս նկարածս իր ձևով է ներկայացնում, իր հույզերն ու ապրումներն է արտահայտում ոգևորվում եմ:
Զգում եմ` սեր կա դեպի արվեստն ու մշակույթը, ուրախանում եմ ու վստահ եմ, որ վաճառելուց հետո նկարս ապահով ձեռքերում կլինի:
-Ի՞նչ մրցանակների ես արժանացել, ո՞րը կառանձնացնես:
– Ցուցահանդեսների ժամանակ խրախուսական շատ-շատ պատվոգրեր ու շնորհակալգրեր եմ ստացել: Ցուցահանդեսներից մեկի ժամանակ էլ ներկա էր
Էստոնիայի «Նկարիչների միության» նախագահը, ինձ սերտեկֆիկատ նվիրեց և շնորհակալություն հայտնեց, որ հայ արվեստն ու մշակույթը բարձր եմ պահում: Այդ պատվոգիրը միշտ աչքիս առաջ է, որովհետև չէի սպասում, որ հնարավոր է մրցանակ ստանամ:
– Ի՞նչ նպատակներ ունես այսօր:
– Ընտանիքս, հիմա միայն ընտանիքիս մասին եմ մտածում: Ճիշտ է ստեղծագործելն ու արվեստը կնոջ համար դժվար ուղի է, բայց փոձում եմ համատեղել: Իմ կայանալը միասնության արդյունք է` ընտանիք, ընկերներ հարազատներ: Այսօր ինչ բարձունքների, որ հասել եմ մտերիմներիս ու հարազատներիս շնորհիվ է, նրանց ջերմ խոսքերի ու ոգևորելու շնորհիվ:
– Ի՞նչ խորհուրդ կտաս սկսնակ նկարիչներին։
– Կարևորը նկարչի ոգին է, թող, երբեք չկոտրվեն: Այն թևերը, որ տրված են Աստծու կողմից երբեք չկորցնեն: Ճիշտ է հիասթափություններ շատ կլինեն, բայց չպետք է կոտրվեն: Մաքուր ու ազնիվ նկարչությունը դիմացինը միշտ գնահատում է, կարևորը չկոտրվելն է…
Հեղինակ՝ Շողիկ Կակոյան