Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպման նպատակն էր ոլորտում առկա խնդիրներին ծանոթանալն ու օրենսդիրի մակարդակում դրանց որոշակի լուծումներ գտնելը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մանրամասնելով, թե պատգամավորներն ինչ են քննարկել նախարարի հետ։
Մակունցը նշեց, որ երկու նախարարներ են նախաձեռնել նման հանդիպում՝ Արսեն Թորոսյանն ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Ոլորտում առկա խնդիրներին, օրենսդրական նախաձեռնություններին ծանոթանալու այս նույն օրակարգը նախատեսվում է նաև Հակոբ Արշակյանի հետ հանդիպում-քննարկմանը։
Լիլիթ Մակունցն ասաց, որ Արսեն Թորոսյանը հանդիպմանը ներկայացրեց առողջապահության դաշտի խնդիրները, պատգամավորներն էլ հնչեցրին իրենց մտահոգությունները, նաև այն հարցերը, որոնք բարձրացվել են քաղաքացիների կողմից կամ տեղ են գտել մամուլում։
Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը՝ առաջիկայում էլի հանդիպումներ կլինեն, քանի որ այսօր աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չհասցրին ավելի երկար քննարկում ունենալ։
Անդրադառնալով առողջապահության նախարարի բերած հակածխախոտային նախագծին՝ Մակունցն ասաց, որ դրա վերաբերյալ քննարկում ևս եղել է, և հանդիպմանը ներկա պատագամավորների կողմից բացասական կարծիք չի հնչել։
Հաղորդում է armtimes.com-ը։