fbpx
Կառավարություն

Լրացուցիչ ֆինանսավորում` Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին պետական բյուջեի այս տարվա պահուստային ֆոնդից կհատկացվի 57 մլն 762 հազար դրամ` ստեղծագործական, վարչական և սպասարկող անձնակազմերին այս տարվա օգոստոս-դեկտեմբեր ամիսներին լրավճարներ հատկացնելու համար: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 29-ի նիստում` ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ:

Անդրադառնալով որոշման նախագծին` վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետությունը չի կարող թույլ տալ, որ ակադեմիական խմբերը կախվածության մեջ լինեն մասնավոր կազմակերպություններից. «Մենք մեր կարևորագույն մշակութային օջախներին չենք դնելու այն վիճակի մեջ, որ գնան «ծուռ վզով» գումար խնդրեն բարեգործներից»,- ասել է նա: Նախարար Արայիկ Հարությունյանը նախագծի ներկայացման ժամանակ նշել է, որ խնդիրների վերհանման նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այժմ ուսումնասիրվում են ակադեմիական ստեղծագործական խմբերի գործունեությունը:

Մինչև 2018 թվականի մայիս ամիս` պետբյուջեից տրամադրված ֆինանսավորմանը զուգահեռ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի կողմից երգչախումբը ստացել է հովանավորչական գումար՝ աշխատավարձի լրավճարների համար (հաստիքային ցուցակով սահմանված պաշտոնային դրույքաչափերին համապատասխան): Նշված ֆինանսավորումը դադարեցվել է 2018 թվականի մայիսի 1-ից: Հետագայում, կարևորելով Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի առանձնահատուկ դերը հայ երգչախմբային արվեստի զարգացման և միջազգային հանրահռչակման գործում և մաեստրո Հովհաննես Չեքիջյանի անգնահատելի ծառայությունները հայրենիքին՝ մշակութային այլ ծրագրերի վերաբաշխման հաշվին երգչախմբին հատկացվել է 2018 թվականի 6 ամսվա լրավճար` 2018 թվականին պետական բյուջեի ընդհանուր հատկացումների շրջանակում: Նկատի ունենալով ստեղծված իրավիճակը և այն, որ ՊՈԱԿ-ը դեռևս չէր կարողացել «Լույս» հիմնադրամի փոխարեն գտնել նոր հովանավորներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում այլ ծրագրերի նվազեցման հաշվին նախատեսել է 50 մլն դրամ գումար՝ լրավճարի հատկացման համար (պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով): Միաժամանակ, ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, 2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբին հատկացրել է լրավճար` աշխատավարձի ֆոնդի 70%-ի չափով (առանց եկամտահարկի): Հիմնադրամի հատկացումները դադարեցվում են այս ամսվանից:

Տեղեկացնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակած նոր առաջարկի համաձայն` 2020 թվականից կփոխվի ստեղծագործական խմբերին պետական դրամաշնորհների հատկացման ընթացակարգը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ