Ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության Յուրևկա գյուղում՝ «Սխիդկարբոն» հանքահորում, փրկարարները երեկոյան և գիշերը փլատակների տակ հայտանբերել են ևս 8 հանքագործների մարմիններ, հաղորդում է ԼԺՀ ԱԻՆ-ը:
Այսպիսով հայտնաբերվածների ընդհանուր թիվը հասել է 13-ի:
Հինգշաբթի ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի տվյալներով՝ «Սխիդկարբոն» հանքահորում մեթան էր պայթել: Երկրի ԱԻՆ-ը հայտնել էր, որ երեք հանքագործներ մահացել են, ևս 15-ը անհետ կորել են: Ուրբաթ առավոտյան ԼԺՀ-ում փրկարարներին օգնության են հասել Ռոստովի մարզի Շախտի քաղաքի լեռնափրկարարները: Ուրբաթ երեկոյան իշխանությունները հայտնել էին հանքագործների 5 մարմինների հայտնաբերման մասին:
«Մահացած հանքագործների ևս 8 մարմին հայտնաբերվել են լեռնափրկարարների կողմից», – հաղորդել են գերատեսչությունում:
ԱԻՆ-ի տվյալներով՝ ապրիլի 26-ին, 21:10-ին լեռնափրկարարները գլխավոր հիմնանցքից 350 մ հեռավորության վրա հայտնաբերել էին երեք տուժածների մարմինները: Շաբաթ գիշերը՝ 01:55-ին գլխավոր հիմնանցքից 350 մ հեռավորության վրա հայտնաբերվել էին ևս 3 հանքագործների մարմիններ, 04:02-ին լեռնափրկարարները հայտանբերել էին ևս երկու տուժածների մարմինները:
«06:00-ի դրությամբ շարունակվում են«Սխիդկարբոն» հանքահորում վթարիցտուժած 4 հանքագործների որոնումները,», – պարզաբանել են ԱԻՆ-ում: