Ինչպես տեղեկացրել է Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում 2021 թվականի օգոստոսի երկրորդ կեսից մեկնարկում է լուսավորության ցանցի ընդլայնման և արդիականացման խոշոր ծրագիրը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի եւ «ԱՍՏՂԱՎԱՐԴ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպության համատեղ ներդրմամբ։ Ծրագրի ընդհանուր արժողությունը 133 480 260 դրամ է։
Համայնքի ղեկավարը հայտնել է, որ կկառուցվի նոր լուսավորության ցանց՝ 20 կմ. երկարությամբ, որը կներառի ընդհանուր առմամբ 658 լուսասյուներ՝ լեդ լուսատուներով՝ այն դեպքում, երբ 90-ական թվականներից մինչ օրս Վարդենիս համայնքում կառուցվել են թվով 500 լուսասյուներ, ուստի միայն մեկ տարում կառուցելով 658 նոր լուսասյուներ և արդիականացնելով նախկին բոլոր լուսասյուները լեդ լամպերով՝ հնարավոր կլինի լուսավորել համայնքի գրեթե բոլոր փողոցները և բակերը։