ԼՂ հակամարտության լուծումը պետք է գտնել ուղիղ երկխոսության միջոցով. Ս. Լավրով

Ամենադիտվածներ

Լավրովը կհանդիպի Ալիևի և Մամեդյարովի հետ

Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորման քաղաքական գործընթացն արգելակվել է, դեռևս չի հաջողվում շարժվել այդ ուղղությամբ: Ինչպես հաղորդում է TACC գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, վերջերս իրավիճակը շփման գծում բավականին հանգիստ է, միջադեպեր քիչ են տեղի ունենում, և դրանք շատ խոշոր չեն: Կայացել է զոհերի մարմինների փոխանակում, պատրաստվում է կալանված մարդկանց փոխանակում՝ քիչ քանակությամբ, սակայն այնուամենայնիվ ինչ-որ գործընթաց տեղի է ունենում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սերտորեն աշխատում են ԱԳ նախարարների հետ: Ինչ վերաբերում է հողում տիրող իրավիճակին, ես կասեի, որ այն ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացը սառեցված է, և դեռևս այդ արգելակումից չի հաջողվում դուրս գալ»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ հնչեցվող հայտարարությունները չեն նպաստում քաղաքական գործընթաց ստեղծելու մթնոլորտին:

«Սակայն մենք՝ որպես համանախագահներ, ամերիկացիների և ֆրանսիացիների հետ աշխատում ենք միասին և միասնական տեսլական ունենք այս հարցի շուրջ: Մենք ցանկանում ենք գտնել լուծումը, որն, իհարկե, պետք է գտնել ուղիղ երկխոսության միջոցով», – ասել է Ս. Լավրովը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ