Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 22-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ բանակցություններ կվարի Փարիզում: Այս մասին Ելիսեյան պալատի ներկայացուցիչն օգոստոսի 19-ին հայտնել է Reuters գործակալությանը:
Բանակցությունների ծրագրով նախատեսված է մի շարք խնդիրների քննարկում՝ կապված Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիայի առաջիկա դուրս գալու հետ: Նաև քննարկվելու են հարցեր, որոնք վերաբերում են Սիրիայի իրադրությանը և միջուկային ոլորտում Իրանի հետ պայմանավորվածություններին:
Ինչպես հայտնել է Franceinfo ռադիոկայանը, Ջոնսոնը ձգտում է համաձայնության հասնել Brexit-ի պայմանների վերաբերյալ նոր բանակցությունների անցկացման շուրջ, մինչդեռ Եվրամիության ներկայացուցիչները հասկանալ են տալիս, որ մտադիր չեն գնալ այդ քայլին և պաշտպանելու են ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: