Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառը եղել է ոչ թե մալարիան, որովայնային տիֆը կամ թոքաբորբը, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, այլ պանկրեոնեկրոզը (ենթաստամոքսային գեղձի հիվանդության սուր ձև): Այս եզրակացությանը, ինչպես փոխանցում է Greek Reporter-ը, եկել են Հունաստանի Արիստոտելի համալսարանի գիտնականները:
Դեռևս 1995 թվականին սկսված հետազոտության ընթացքում մասնագետները մանրակրկիտ վերլուծել են հիվանդության նշանները և Մակեդոնիայի թագավորի վերջին օրերը, որոնք նկարագրել են անտիկ պատմաբանները: Հետազոտության հեղինակի՝ բժշկության պատվավոր պրոֆեսոր դոկտոր Թոմաս Գերասիմիդիսի խոսքով՝ Ալեքսանդրի մահվան պատճառը դարձել է սուր պանկրեոնեկրոզով պայմանավորված նեխավարակումը:
Պրոֆեսորը նշում է, որ այս հիվանդությունն իր հերթին զարգացել է լեղաքարային հիվանդության, ինչպես նաև զորահրամանատարի կողմից կերակուրն ու ալկոհոլը չարաշահելու հետևանքով:
«Ախտանշանների սկիզբը բնութագրվում էր ուժեղ փորացավով առատ կերակրից ու գինուց հետո, որն ուղեկցվում էր տենդով ու օրեցօր վատացող վիճակով 14 օրվա ընթացքում»,-նշված է հետազոտության մեջ:
Միաժամանակ հին հույն պատմաբանների աշխատությունների վերլուծությունից հետո Գերասիմիդիսը մերժել է Ալեքսանդրի մահվան մյուս վարկածները, ներառյալ մալարիան, թոքաբորբը, որովայնային տիֆը, ինչպես նաև Արևմտյան Նեղոսի տենդը: