fbpx
Աշխարհ

Մակրոնը «Պատվո լեգեոն» շքանշան է հանձել գրող Միշել Ուելբեկին

Գրող Միշել Ուելբեկը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից ստացել է երկրի բարձրագույն պարգևը՝ «Պատվո լեգեոն» շքանշանը: Ապրիլի 18-ի երեկոյան տեղի ունեցած արարողության մասին ապրիլի 19-ին հայտնել է France Info ռադիոկայանը: 63-ամյա ֆրանսիացին արժանացել է շքանշանի ասպետի աստիճանի:

Ուելբեկը նախագահի նստավայր է գնացել իր երիտասարդ տիկնոջ և մի շարք ընկերների ուղեկցությամբ: Արարարողությանը ներկա էին նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին և գրող Ֆրեդերիկ Բեգբեդերը:

Հանձնելով բարձր պարգևը՝ Մակրոնն ընդգծել է, որ գրողի ստեղծագործությունները «լի են լավագույն ապագայի հույսով»:

Ուելբեկն այժմ ամենաթարգմանվող ֆրանսիացի գրողն է: Նրա «Սերոտոնին» վերջին վեպը, որը լույս է ընծայվել տարեսկզբին, մեծ հաջողություն ունի նաև ֆրանսալեզու երկրներում: Ֆրանս Պրես գործակալության տվյալներով՝ այնտեղ վաճառվել է գրքի շուրջ 800 հազար օրինակ:

Ուելբեկի առաջին գիրքը՝ «Մնալ ողջ» խոհապատումների ժողովածուն, լույս է տեսել 1991 թվականին, իսկ «Պայքարի տարածության ընդլայնումն» առաջին վեպը հրատարակվել է 1994 թվականին և իսկույն հռչակ բերել հեղինակին: Նրա «Տարրական մասնիկներ» (1998) հաջորդ վեպը նույնպես ուշադրություն է գրավել: Այդ գրքի համար գրողն արժանացել է «Նոյեմբեր» ֆրանսիական գրական մրցանակին: Ուելբեկը նաև Գոնկուրյան մրցանակի դափնեկիր է «Քարտեզ և տարածք» (2010) վեպի համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ