Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության տևողությունը կկրճատվի վեց ամսով՝ սկսած 2025 թվականի ձմեռային զորակոչից։ Այս մասին դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Այս փոփոխությունը նախատեսված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում։ Պաշտպանության նախարարը նշել է, որ այս քայլը հնարավոր է դարձել պայմանագրային զինծառայողների թվի ավելացման շնորհիվ։ Նախարարի խոսքով՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի և այլ նախաձեռնությունների միջոցով պայմանագրային ծառայության գրավչությունը զգալիորեն բարձրացել է։ Նախատեսվում է, որ ծառայության նոր ժամկետը՝ 18 ամիս, կնվազեցնի նաև կազմակերպչական ծախսերը։
Կառավարության հավաստիացմամբ այս փոփոխությունը նպատակ ունի բարելավել զինված ուժերի արդյունավետությունը։ Սակայն, ամբողջ աշխարհում ներկայումս բոլորովին այլ միտումներ են։ Շատ եւրոպական երկրներ անցնում են պարտադիր զինվորական ծառայության՝ առաջիկա տարիներին իրենց մասնակցությամբ պատերազմները շատ հավանական դիտարկելով։ Անկախ փորձագիտական դաշտում ընդունված է կարծել, որ ՀՀ Կառավարության այս ձեռնարկումը կապված է Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջների կատարման հետ և կարող է մի նոր աղետի բերել առաջիկա տարիներին։

