Դիմադրություն» շարժումը Ֆրանսիայի հրապարակում հունիսի 14-ին՝ ժամը 19։30-ին, մեծ հանրահավաք կանցկացնի, որով սկիզբ կդրվի շարժման նոր մարտավարությանն ու գործողություններին:
«Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Ես պարտք ունեմ, առաքելություն ունեմ մեր սկիզբ դրած պայքարը մինչեւ վերջ հասցնելու։ Ամեն մեկս այդ առաքելությունն ունենք։ Այս 40 և ավելի օրերին հրապարակում, երթերին, անհնազանդության գործողություններին ներկա իմ, մեր զինակից հայրենակցի վճռականությունը տեսնելով՝ վստահաբար նաեւ նրանց համար պայքարն ունի մեկ վերջնանպատակ՝ Հաղթանակ»,-գրել է նա` հավելելով, որ անցնող բոլոր օրերին առավել հաճելի էր շարքերում լինելը, առաջինների մեջ չքայլելը։
«Հաճախ բեմերում չեմ եղել, բարձրախոս չունեցած՝ ափերով եմ վանկարկել, քանի որ մեկն եմ մեր տասնյակ հազարավոր զինակիցներից։ Այդպես էլ վարվելու եմ վաղը, մյուս օրը։ Նույնն ակնկալում եմ ամեն մեկիցս։ Քանի որ մենք դիմադրության շարժման զինվորներ ենք՝ կռիվ ենք տվել հավասար, քայլել ենք հավասար, ծեծվել ենք հավասար, վնասվել ենք հավասար, ու հավասար եւ միասնական էլ հաղթելու ենք։ Հունիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակի հանրահավաքին հաջորդելու է հունիսի 15, 16, 17, 18 … այդ օրերն ավելի կարեւոր են։ Կարո՞ղ ենք ցույց տալ, փաստել, որ մեր ուժականությունը չի պակասում։ Այդ դեպքում՝ կհաղթենք»,-նշված է Մանուկյանի գրառման մեջ:
Մանուկյանը հավելել է, որ հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել. «Դիմադրությանը նոր անդամագրում՝ փողոց առ փողոց, տուն առ տուն, ընտանիք առ ընտանիք, գյուղ առ գյուղ, մարզ առ մարզ։ Այս շաբաթների համառությամբ փաստեցինք՝ կարո՛ղ ենք։ Հետեւաբար, հունիսի 14-ին, 19։30 լինելով Ֆրանսիայի հրապարակում, պատրաստվենք, որ այն արդեն նեղ է մեզ համար, Հայաստանը պետք է դարձնենք մեծ, մեկ ամբողջ հրապարակ ու հունիսի 15-ին շարունակենք պայքարը։
Կհանդիպենք 19։30-ին, նույն վայրում, որ հետո երթ անենք, հետո արդեն տարածվենք ողջ երկրով»,- եզրափակել է Մանուկյանը: