Հոկտեմբերի 1-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ ժամը 21-ին անհայտ անձը Մարտունի քաղաքի Երևանյան փողոցից, առևանգել է «Նիսսան Տիդա» մակնիշի իր մեքենան:
Հաղորդումից րոպեներ անց, ձեռնարկված անհետաձգելի որոնողական աշխատանքների արդյունքում, ոստիկանները տեղեկություններ ստացան, որ գողացված տրանսպորտային միջոցը Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհով երթևեկելիս բախվել է Իջևանի մի բնակչի «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենային`պատճառելով նյութական վնաս: Ավելի ուշ, հենց վթարի վայրում, իրավապահները պարզեցին, որ «Նիսսան»-ը, ալկոհոլի ազդեցության տակ, առևանգել է Մարտունու Պռոշյան փողոցի 29-ամյա մի բնակիչ, որը բուժհաստատություն տեղափոխվելուց և հետազոտվելուց հետո, բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։