fbpx
Քաղաքականություն

Հայկ Մարությանից ակնկալում եմ ասուլիս, ուր նա կպատմի այս արշավի պատճառը․ Արուսյակ Հայրապետյան

Արուսյակ Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Մի քանի օր է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ անվստահության ու նրա պաշտոնից ազատման մասին լուրերը ալեկոծում են Հայաստանյան սոցցանցերը։

Տարբեր գործող անձինք հերթով արտահայտվում են, սակայն ինչպես միշտ պարզ չէ, թե որն է խնդիրը, ինչն է պատճառը , որ ՔՊ կազմը դժգոհ է Մարությանից և շրջանառվող լուրերը ավելի շատ բամբասանքի որակի են, փաստեր չկան։ Հայկին համակրողներն արդեն դիրքավորվել են նրա կողմը, չնայած մանրամասներին չեն տիրապետում, ՔՊ ականներն էլ իրենց կողմում են, նույնպես ոչ թե ճշմարտության ու արդարության համար կանգնած, այլ խմբակային մտածողությամբ։

Ճշմարտությունն ու արդարությունը, ինչպես միշտ, երկրորդական են կարծես բոլորի համար, ովքեր պատրաստ են կռիվ տալ սեփական սիմպատիաների համար, սեփական անտիպատիաներին դեմ՝ թքած թե պարզ չի, թե ինչն է խնդիրը։ Ինչպես միշտ բոլորն ամեն ինչ գիտեն, առանց որևէ բան իմանալու, զուտ « իմացել եմ որ» սկզբունքով։

Մենք բազմիցս խոսել ենք Հայաստանում քաղաքական մշակույթի փոխվելու անհրաժեշտության մասին, և կարծում եմ սա հրաշալի առիթ է ստի , կեղծիքի, մանիպուլացիաների ու կիսաճշմարտությունների մթնոլորտում քաղաքական նեղ շռջանակների շահերի առաջբրդոցի քաղաքական միջավայրը փոխելու վերջապես ուղիղ ու պարզ խոսելով՝ Հայկ Մարությանից ակնկալում եմ ասուլիս, ուր նա ուղիղ և պարզ կպատմի, թե ինչ է կատարվում, ինչն է իր նկատմամբ իր կարծիքով այս արշավի պատճառն ու ինչ է նա պատրաստվում անել։

Ոչ Երևանը, ոչ Հայաստանը որևէ մեկի սեփականությունը չեն, մենք այս պետության քաղաքացիներն ենք, ում լավ հիշում եք, երբ մեր ՁԱՅՆ ը ձեզ անհրաժեշտ է։ Դուք, բոլորդ, և քաղաքապետը, և ՔՊն իր ողջ կազմով, վարչապետն էլ հետները, պարտավոր եք բացատրություն ու հաշվետվություն տալ ձեր ներքին տարաձայնությունների համար, քանզի դրանք խաթարում են մեր կյանքը։ Այն պահից, երբ դուք պետական պաշտոնյա եք, ձեր արած ամեն քայլն ու որոշումը դուք պարտավոր եք պարզաբանել քաղաքացիներին։

Ինձ, որպես ընտրող, շատ կարևոր է լսել քաղաքապետի տեսակետն ու դիրքորոշումը։ Որպես կուսակացության նախագահ, կարևոր է հասկանալ, թե որտեղ է ճշմարտությունն այս պատմության մեջ, ճիշտ դիրքավորվելու համար։

Հակառակ դեպքում, ինչպես միշտ, ծածկադմփոցով ու մանիպուլացիաներով, նայած թե ում ռեսուրսն է ինչքան զորեղ, հերթական հակաժողովրդավարական ակտն է տեղի ունենալու, մեզ ավելի թափով դեպի բռնապետություն ու քայքայում տանելով։

Եթե Հայկ Մարությանն իսկապես այն փոփոխության կրողն է, որը պնդում են իր համակիրները, նա պիտի խոսի։ Բաց, պարզ և ճշմարիտ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ