Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, տեղի ունեցավ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 7 քաղաքացու վերաբերյալ գործով դատական նիստը։ Այն վարում էր դատավոր Ռոբերտ Պապոյանը։
Վերջինս հաջորդ նիստին տուժող կողմին բերման ենթարկելու որոշում կայացրեց։
Նշենք, որ ինչպես նախորդ դատական նիստին, այնպես էլ այս նիստին տուժող կողմից ներկայացուցիչ չկար։
Գործով մեղադրող դատախազն էլ առաջարկեց դատարանին կա՛մ բերման ենթարկել տուժողներին, կա՛մ ոստիկանության աշխատակիցների միջոցով պատշաճ կերպով ծանուցում ուղարկել։ Դատական նիստը հետաձգվեց դեկտեմբերի 19-ին։
Հիշեցնենք, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ Դավիթ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Հասարակական կարգի խախտումը զուգորդվել է նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։