Նույնիսկ թեթև խռմփոցը կարող է առաջացնել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունը, զարկերակային գերճնշումը և սրտամկանի ինֆարկտը: Այս մասին Salon-ի հետ զրույցում ասել է ավստրալացի սոմնոլոգ Քոլին Սալիվանը։
Մասնագետի խոսքով՝ քնելիս մարդու քիմքը, լեզուն ու կոկորդը սկսում են հանգստանալ, սակայն եթե դրանք չափազանց շատ են թուլանում, կարող է թրթռոց առաջանալ, որն էլ հանգեցնում է խռմփոցի։ Խռմփոցը քնի օբստրուկտիվ ապնոէի հիմնական պատճառն է, իսկ այս խանգարումը բնորոշվում է գիշերվա ընթացքում շնչառության կարճատև դադարներով։ Սա արթնանալուց հետո կարող է հանգեցնել շնչահեղձության զգացողության, անքնության, քնկոտության կամ դյուրագրգիռության։
Բացի այդ, խռմփոցը կարող է նվազեցնել ուշադրության կենտրոնացումը, դառնալ հոգնածության պատճառ ու մեծացնել սրտի նոպայի ու զարկերակային գերճնշման վտանգը։ Մայո կլինիկայի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ խռմփացնող մարդկանց մոտ վատթարանում է գլխուղեղի առողջությունը՝ բարձրացնելով Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը, ուստի մասնագետն ընդգծում է, որ «անվնաս» խռմփոց գոյություն չունի։