Մայիսի 8-ը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման համաշխարհային օրն է: Այս մասին հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարդասիրական գործունեություն ծավալելով ավելի քան 150 տարի՝ Կարմիր խաչի շարժումը ձգտում է խոցելի համայնքների համար ապահովել համապատասխան և ժամանակին մարդասիրական ծառայություն՝ այժմ և ապագայում։ Ամբողջ աշխարհում Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միլիոնավոր ներկայացուցիչներ աջակցում են ավելի քան 160 միլիոն մարդու՝ տրամադրելով բազմազան և նորարարական լուծումներով անկողմնակալ ծառայություններ։
«Մեր մոտեցումը համընդհանուր է և ամեն վայրկյան ուղղորդվում է մեր Հիմնարար սկզբունքներով. մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։
Այսօր մենք նշում ենք մեր կամավորների և անձնակազմի խիզախությունն ու ձեռքբերումները։ Նրանց կյանք փրկող և կյանք փոխող ծառայություններն ապահովում են, որ մենք ամեն օր հավատարիմ մնանք մարդասիրության սկզբունքին։ Մենք տեղական ենք և միջազգային, անկախ ենք և չեզոք, և մենք ամենուրեք ենք՝ բոլորի համար։
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումն ամբողջ աշխարհում բազմաբնույթ ծառայություններ է մատուցում ամենախոցելի խմբերին՝ տարբեր իրավիճակներում. բնական աղետներին, ճգնաժամերին և հակամարտություններին արձագանքելուց մինչև քաղաքներում և դժվար հասանելի վայրերում աջակցություն տրամադրելը, իինչպես նաև բարձրաձայնելով կարիքավորների խնդիրները՝ որոշում կայացնողների և կառավարությունների շրջանում։
11.6 միլիոն ակտիվ կամավորների և 450 000 անձնակազմի գլոբալ և անկախ ցանցի միջոցով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումն աշխատում է աշխարհի ավելի քան 190 երկրներում։ Լինի դա բնական թե տեխնածին աղետ, զինված ընդհարում կամ սոցիալ-առողջապահական խնդիր, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կամավորներն այնտեղ են՝ օգնելու բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն՝ առանց խտրականության:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ է։
Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 99 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, երիտասարդության հիմնախնդիրներին ուղղված գործունեություն, մարդասիրական արժեքների տարածում և այլն:
ՀԿԽԸ առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) անկախ և չեզոք կազմակերպություն է, որը հակամարտությունից և բռնության այլ իրավիճակներից տուժած անձանց տրամադրում է մարդասիրական օգնություն և ապահովում է նրանց պաշտպանվածությունը։ ԿԽՄԿ-ն ներկա է տարածաշրջանում 1992 թ.-ից՝ Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ։ Երևանում և Բաքվում իր պատվիրակությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում իր առաքելության միջոցով՝ ԿԽՄԿ-ն հակամարտության կողմերի միջև գործում է որպես չեզոք միջնորդ՝ մարդասիրական առաջնային հարցերի շուրջ։
Հայաստանում կազմակերպության ուշադրության կենտրոնում են միջազգային սահմանին կից բնակվող քաղաքացիական բնակչությունը, անհայտ կորածները և նրանց ընտանիքները, ականներից տուժածներն ու ազատազըրկվածները։ ԿԽՄԿ-ն խթանում է Միջազգային մարդասիրական իրավունքի տարածումն ու կիրառումը պետական մարմինների, կրթական և ռազմական ներկայացուցիչների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։