Օգոստոսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Թանգարանների ու արխիվի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը:
Հավարտ Սուրբ Պատարագի, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ` սույն թվականի օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար:
Սուրբ Պատարագին և հոգեհանգստյան արարողությանը ներկա էին ՀՀ-ում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մայա Դաղերը, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական վարչական ժողովի անդամ, Միջին Արևելքի և Հայաստանի ծրագրերի պատասխանատու տիար Վազգեն Յակուբյանը, ազգային բարերար Գաբրիել Չեմբերջյանը և լիբանանահայեր:
Ներկա հոգևոր դասը և ժողովուրդը Հայոց Հայրապետի գլխավորությամբ աղոթք բարձրացրեց առ Աստված Բեյրութի պայթյունի զոհերի հոգիների հանգստության համար:
Հոգեհանգստյան կարգից առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիշյալ ողբերգալի իրադարձության կապակցությամբ իր վշտակցության խոսքն ուղղեց ներկաներին:
https://www.facebook.com/holyetchmiadzin/videos/994900290963442/