fbpx
Իրավական

Մայրապետյանի փաստաբանը չի հանձնվում

Սամվել Մայրապետյանի պաշտպան, փաստաբան Կարեն Բատիկյանը նոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով քննարկել անձնական երաշխավորություններով Սամվել Մայրապետյանին ազատ արձակելու հարցը:

Մայրապետյանի համար երաշխավորություն է տվել մտավորականների ևս մի մեծ խումբ, այդ թվում ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, հայտնի գործարարներ և լրագրողներ, պրոդյուսերներ, ստեղծագործական միավորումների ղեկավարներ:

Վերջիններն իրենց գրավոր պարտավորությունն են ներկայացրել առ այն, որ իրենց խոսքով և մուծվող գումարով երաշխավորում են Սամվել Մայրապետյանի պատշաճ վարքագիծը՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալը և այլ դատաիրավական պարտականություններ կատարելը:

Փաստաբան Բատիկյանի միջնորդության մեջ նաև ասվում է, որ նմանատիպ անձնական երաշխավորություն են ստանձնել նաև մեկ տասնյակից ավելի լրատվամիջոցների ղեկավարներ ու լրագրողներ՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին, ՀՀ Գլխավոր դատախազին և ՀՀ ՀՔԾ պետին՝ 2018 թվականի նոյեմբերի 13-ին հասցեագրված բաց նամակով:

Հիշյալ նամակով վստահություն վայելող բազմաթիվ անձինք իրենց մտահոգությունն են հայտնել առանց բավարար հիմքերի և առողջական լուրջ խնդիրներ ունեցող Սամվել Մայրապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ: Հաշվի առնելով միջնորդության մեջ ներկայացված հանգամանքները՝ փաստաբան Բատիկյանը ՀՀ Գլխավոր դատախազին խնդրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով փոխել Սամվել Մայրապետյանի խափանման միջոցը՝ անձնական երաշխավորությամբ:

Սամվել Մայրապետյանի փաստաբանի միջնորդությունը ՀՀ Գլխավոր դատախազություն մուտքագրվել է այսօր և ՀՀ Քրեական դատավարության օրենգրքի 199-րդ հոդվածի համաձայն պետք է քննվի 5-օրյա ժամկետում, այսինքն մինչև 2018 թվականի նոյեմբերի  21-ը ՀՀ գլխավոր դատախազը պետք է բավարարի կամ մերժի Կարեն Բատիկյանի միջնորդությունը:

Աղբյուր՝ aysor.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ