fbpx
Հասարակություն

Մեծ Պարնիի և Ծաղկաբերի բնակիչները շուտով կերթևեկեն բարեկարգ ճանապարհով

Մ7 – Մեծ Պարնի – Ծաղկաբեր 6.85 կմ երկարությամբ ճանապարհահատվածում լայն թափով ընթանում են շինարարական աշխատանքները։ Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի (լրացուցիչ ֆինանսավորման 3-րդ տարի) շրջանակներում վերականգնվող այս տեղամասում շինարարական աշխատանքները մեկնարկել են հունիսի սկզբին, և անցած ամիսներին արձանագրվել է կատարված աշխատանքների մեծ առաջընթաց։ Կապալառու կազմակերպության՝ «Ճանապարհ» ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը նշեց, որ թեև, ըստ պայմանագրի, աշխատանքների վերջնաժամկետը 2020թ. գարնանն է, սակայն նախատեսում են ճանապարհի վերականգնումն ավարտել մինչև այս տարվա նոյեմբեր ամիսը։

Ճանապարհի վերականգնման աշխատանքների պատվիրատուի՝ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար այցելում են շինարարական տեղամաս՝ դիտարկելու շինարարության ընթացքը, կապալառուի հետ քննարկելու աշխատանքների առաջընթացը, առաջացած հարցերը, դրանց լուծման ուղիները և այլն։

Տարվող աշխատանքները տեղում մշտապես վերահսկում է շինաշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության՝ գերմանական «Կոքս Քնսալթ ԳՄԲՀ» ընկերության ներկայացուցիչը։ «Կոքս Քնսալթ ԳՄԲՀ»-ի տեխնիկական հսկիչ Կամո Անտոնյանը նկատում է, որ ներկա պահին շինարարը սկսել է ճանապարհի ասֆալտապատումը, զուգահեռ կատարվում են նաև այլ աշխատանքներ։ Ըստ նրա՝ շինարարությունն ընթանում է ըստ նախատեսվածի, իրենց կողմից կա մշտական վերահսկողություն։

Ճանապարհի շինարարության մեջ ներգրավված են հիմնականում տեղի բնակավայրերի՝ Մեծ Պարնիի և Ծաղկաբերի բնակիչներ։ Արսեն Քալամյանը Ծաղկաբերից է, ասում է, որ ճանապարհի վերականգնման ծրագիրը ոչ միայն բարեկարգում է իրենց գյուղը, այլև շատերին ապահովել է աշխատանքով։ Արսեն Քալամյանը, որ տվյալ պահին զբաղված էր ծրագրի շրջանակներում վերակառուցվող երեք կամուրջներից մեկի վերանորոգման աշխատանքներով, համոզված ասում է, որ տեղի բնակիչներն ավելի սրտացավությամբ կաշխատեն իրենց սպասարկող ճանապարհի վերականգնման համար։

Մեծ Պարնիի դպրոցի «ֆիզիկական կուլտուրա» առարկայի ուսուցիչ Արմեն Մելքոնյանն էլ նշում է, որ 21-րդ դարում բարեկարգ ճանապարհ ունենալն ուղղակի անհրաժեշտություն է։ Այն հաղորդակցման միջոց է, և վերականգնված ճանապարհը կհեշտացնի գյուղացիների կյանքը։ Նա նաև խնդրեց, որպեսզի շինաշխատանքներից հետո դպրոցի մոտ իրականացվեն ճանապարհի անվտանգության ապահովման միջոցառումներ։ Պատասխանատուները տեղեկացրին, որ դպրոցների հարակից տարածքների անվտանգության տարրերով կահավորումն արդեն իսկ ներառված է Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի շրջանակներում։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ